211652_close_icon
views-count15387 դիտում article-date 19:19 15-10-2016

«Դու հա՞յ ես, ահա այստեղ է թաղված հայ Խաչատուր Աբովյանը, որը աքսորված էր այստեղ»

1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմի հետևանքով սկսվեց հայերի զանգվածային արտագաղթ, և շուրջ 90 000 հայեր հարկադրված լքեցին իրենց հայրենիքը։ Ժամանակի ցարական չինովնիկության հակահայկական քաղաքականությունը չէր կարող ազատամիտ Աբովյանի վրա իր բացասական ազդեցությունը չունենալ։ Շատ կարևոր է, թե պատմական այդ ժամանակաշրջանում ինչպես էին ձևավորվում Աբովյանի հասարակական-քաղաքական հայացքները։ Ռուսաստանի նկատմամբ խանդավառ վերաբերմունք ունեցող Աբովյանի մոտ («Օրհնվի էն սհաթը...») առաջացան գաղափարական շրջադարձի բոլոր նախադրյալները՝ ձախողվեցին դպրոց ստեղծելու իր ծրագրերը և, ընդհանրապես, չիրականացան սեփական պետականությունը վերականգնելու հայ ժողովրդի բոլոր ձգտումները։ Այս ամենի արդյունքը մեծ լուսավորականի առեղծվածային անհայտացումն էր, որի ստույգ մանրամասները առ այսօր թաղված են թանձր խավարի մեջ։ Ա. Բակունցի տեսակետով, Աբովյանը գնացել է 1848 թ. Եվրոպական հեղափոխություններին մասնակցելու։ Ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանը կարծում էր, որ նա ինքնասպանություն է գործել։ Պատմական գիտությունների թեկնածու Վ. Ավետյանը համոզում է, որ Աբովյանը սպանվել է իր պարտապան թուրքերի ձեռքով։ Այս բազմաթիվ տարբերակներից մեկն էլ Աբովյանի Սիբիր աքսորվելու վարկածն է, որը պնդում էր պատմաբան Վ. Ղազարյանը։ Առկա է նաև մի փաստաթուղթ լուսավորականի աքսորված լինելու վերաբերյալ՝ հիշեցնելով, որ նման վկայություն կա նաև մեծ բանաստեղծ Ավ. Իսահակյանի մոտ։ 1927 թ. Վիեննայում տպագրված «Հանդես ամսօրյա»-ում «Խաչատուր Աբովյանի գերեզմանը Ախոտսկում» հոդվածում Ռուբեն վարդապետ Մանասյանը պատմում է, որ կովկասահայ Սարգիս Գրձիլյանը, որը հայ համայնքներում ճանաչված և երևելի անձ էր, Խ. Աբովյանի գերեզմանի մասին վկայել է հետևյալը. իբր Ծերուն անունով մի մարդ, որը աքսորված է եղել Սախալին և տիրապետել է լուսանկարչական արվեստին, իրեն է նվիրել մի շարք լուսանկարներ, որոնց մեջ եղել է նաև Աբովյանի գերեզմանի լուսանկարը։ Այդ մասին նրան հայտնել է մի ռուս՝ ասելով. «Դու հա՞յ ես, ահա այստեղ է թաղված հայ Խաչատուր Աբովյանը, որը աքսորված էր այստեղ»: Խ. Աբովյանի Սիբիր աքսորվելու հավանականության մասին մի այլ փաստարկ է բերում Սբ. Էջմիածնի ճեմարանի վաստակավոր ուսուցիչ Ստեփան Կանայանցը: Նա պատմում է, որ Գերմանիայում, իր ուսման տարիներին, Աստրախանի իր ընկերոջից 1883 թ. ստացել է մի նամակ, որը հայտնում էր, որ ռուս նշանավոր գրող և հրապարակախոս Ն. Չերնիշևսկին Աստրախանում պատմել է հայերին, թե ինքը Սիբիրում աքսորված ժամանակ տեսել է հայ Խաչատուր Աբովյանին։

Նմանատիպ նյութեր