211652_close_icon
views-count6769 դիտում article-date 22:02 28-09-2016

Աղավնաձորցիները կստանան խաղողի մթերման գումարները. ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի մարզ` խաղողի մթերման գործընթացին առնչվող խնդիրները տեղում քննարկելու նպատակով: Նախարարի առաջին կանգառն Աղավնաձոր համայնքում էր, որտեղ նա հանդիպել է խաղողագործների հետ: Հանդիպմանը ներկա էին մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը , «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը: Նախարարը տեղեկացրել է աղավնաձորցիներին, որ նախորդ տարվա խաղողի մթերումների դիմաց վճարումների կատարման խնդիրը կառավարության աջակցությամբ լուծվել է, և գյուղացիներն առաջիկայում կստանան իրենց գումարները: «Մենք գիտակցում ենք, որ սա գյուղացու համար օրվա հացի խնդիր է, դուք ամբողջ տարին հողին նվիրված աշխատել եք, այսօր ունեք բազմաթիվ պարտքեր, ուստի կառավարությունը միջամտել է խնդրին, և «Վեդի Ալկոն» իր բոլոր պարտավորություններն առաջիկայում ամբողջությամբ կկատարի: Սակայն անհրաժեշտ է խաղողի մթերումների խնդրին համակարգային լուծում տալ և այս իրավիճակից համատեղ ուժերով ելքեր գտնել, որպեսզի ամեն տարի չբախվենք նույն հարցի հետ»,-իր խոսքում նշել է նախարար Առաքելյանը: Նախարարի խոսքով` վերամշակողը պետք է կարողանա մրցակցային գներով մտնել շուկա, իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի գյուղմթերքն էժան լինի: Այս համատեքստում նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել բերքատվության բարձրացման և խաղողի ինքնարժեքի իջեցման ուղղությամբ: Նա առաջարկել է սերտորեն համագործակցել մասնավոր ներդրողների և ԳԱՄԿ-երի հետ` այգիներում նորագույն տեխնոլոգիաներ ներդնելու և մշակությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով: Որպես լուծման տարբերակ` Իգնատի Առաքելյանը նաև առաջարկել է աղավնաձորցիներին քննարկել միավորվելու միջոցով գինու արտադրության փոքր գործարան հիմնելու հնարավորությունը` ընդգծելով, որ պետությունը պատրաստ է աջակցել, բիզնես ծրագիր կազմել և ներդրողներ գտնել: Հանդիպման ընթացքում գյուղացիները մտահոգություն են հայտնել, որ հանրապետությունում ավելի շատ «Արենի» տեսակի գինի է արտադրվում, քան մարզն «Արենի» տեսակի խաղող է արտադրում, այնինչ խաղողի այդ սորտն աճեցվում է միայն Վայոց ձորում: Նախարարը խոստացել է, որ հարցն անպայման ուսումնասիրության առարկա կդառնա, անհրաժեշտության դեպքում խնդրին օրենսդրական լուծում կտրվի և վերահսկողություն կիրականացվի այդ ուղղությամբ: «Անհրաժեշտ է ճանապարհ գտնել, որպեսզի գյուղացին և վերամշակողն իրար հետ կարողանան աշխատել և երկուստեք փոխեն իրենց մտածելակերպը: Պետության գործառույթն օրենսդրական դաշտի կարգավորումն է, մնացած հարցերը պետք է կարգավորեն արտադրողն ու վերամշակողը, ասոցիացիաներ ստեղծեն, միավորվեն, մինիմալ գին սահմանեն և այլն: Մենք ոչ թե պետք է խնդրենք, որպեզի խաղողը մթերվի, այլ աշխատենք, զարգանանք, խնդրելով առաջ չենք գնա, խնդրելով ընկերությունները սնանկացան»,-ամփոփելով խաղողագործների հետ հանդիպման արդյունքները` լրագրողների հետ ճեպազրույցում ընդգծել է Իգնատի Առաքելյանը: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր