211652_close_icon
views-count5980 դիտում article-date 22:43 09-08-2016

ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո մեկնարկում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնը

ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Երևանի մնջախաղի պետական թատրոնի և Ծաղկաձորի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ ս. թ. օգոստոսի 10-15-ը, Ծաղկաձորում, Դիլիջանում և Երևանում կանցկացվի Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնը: Փառատոնի մեկնարկը կտրվի օգոստոսի 10-ին, ժամը 20:30-ին, Ծաղկաձորի Ծաղկունյաց հրապարակի բացօթյա բեմում: Փառատոնին կմասնակցեն թատերախմբեր՝ Հայաստանից, Սերբիայից, Վրաստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից: Փառատոնի ընթացքում ներկայացումների և մանրապատումների ցուցադրություններից բացի կանցկացվեն վարպետության դասեր, գիտաժողովներ, տեսացուցադրություններ և քննարկումներ: Այս տարվա փառատոնի ծրագրում ներառված են նաև Երևանի մնջախաղի պետական թատրոնին կից խուլերի «Մենք» մնջախաղի թատրոն-ստուդիայի և ԵԹԿՊԻ մնջախաղի կուրսի աշխատանքները: Փառատոնին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը մեկնարկի կապակցությամբ ողջունել է փառատոնի կազմակերպիչներին և նշել, որ թատերասեր հանրության համար փառատոնը սպասված է, այն տարեցտարի զարգանում է, նոր աջակիցներ ձեռք բերում և ընդլայնում աշխարհագրությունը: Ս. թ. օգոստոսի 9-ին, «Լոֆթ» կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսին մասնակցել են նաև Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը, Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար և փառատոնի նախագահ Ժիրայր Դադասյանը, դերասաններ Ջոն Ջեյքոբսը /Հարավաֆրիկյան Հանրապետություն/ և Վահրամ Զարյանը /Ֆրանսիա/:

Նմանատիպ նյութեր