2481 դիտում
22:49 01-07-2016
14-րդ միջազգային ակնաբուժական համաժողովը Երևանում համախմբել է Հայաստանի և ԱՄՆ-ի շուրջ 100 ակնաբույժների
Հայկական ակնաբուժության նախագծի 52-րդ բժշկական առաքելության շրջանակում այսօր Երևանում մեկնարկեց 14-րդ միջազգային ակնաբուժական համաժողովը: «Բժշկական կրթության, հիվանդների խնամքի և բուժման նոր ուղիներ» խորագրով համաժողովը մեկ հարկի տակ համախմբեց Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ակնաբուժության տարբեր ոլորտների շուրջ 100 մասնագետների: Միջոցառման նպատակն է խթանել ակնաբուժությանը վերաբերող տարբեր բնագավառներում տեղեկատվության և փորձի ակտիվ փոխանակումը:
ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը` ողջունելով համաժողովի մասնակիցներին ուրախությամբ փաստեց, որ օրեր առաջ ՀԱՆ-ի աջակցությամբ ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում բացվել է Ջոն և Հասմիկ Մկրտչյանների անվան ՀԱՆ մարզային ակնաբուժական կենտրոնը:
«Մենք ողջունում ենք բոլոր այն ծրագրերը, որոնք իրականացվում են ակնաբուժական ոլորտում և միտված են ոլորտի ականաբուժական ոլորտի արդիականցմանը, միջազգային չափանիշներին համահունչ լինելուն»,- ընդգծեց Ծաղիկ Վարդանյանը: Մի շարք ծրագրերի թվում նա առանձնացրեց «Լույս հայի աչքերին», «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն» (ՄԿԿԳԿ) երկարաժամկետ ծրագրերը, ինչպես նաև ՀԱՆ-ի աշխատանքը` ուղղված մարզերում գերժամանակակից սարքավորումներով հագեցած կենտրոնների ստեղծմանը և կրթական ծրագրերի իրականացմանը:
«Այս համաժողովը ևս միտված է մեր ակնաբույժների շարունակական մասնագիտական զարգացմանը, ինչպես նաև կրթության բարելավմանը»,- եզրափակեց բժշկական օգնության քաղաքականության վարչության պետը:
«Շատ տպավորված եմ, որ համաժողովին զեկույցներով հանդես են գալու նաև երիտասարդ բժիշկներ: Վստահաբար նրանց շարքերում են այն մասնագետները, որոնք դառնալու են ՀԱՆ-ի նոր կրթական ծրագրի մասնակիցները», - ասաց ՀԱՆ հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանը: Նրա խոսքով` ՀԱՆ-ը սկսում է կրթական նոր նախաձեռնություն, որը կնպաստի խոստումնալից երիտասարդ ակնաբույժների շարունակական բժշկական կրթությանը և նրանց մասնագիտական աճին:
ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի վարիչ, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանը ներկայացրեց Հայաստանում ակնաբուժության բնագավառի վերջին նվաճումները, իսկ Կայզեր Պերմանենտե-Անտելոպե Վելլի հիվանդանոցի տարածքային բժշկական տնօրենի տեղակալ Խոդամ Ռոստոմյանը` (ԱՄՆ) Առողջապահության բարելավման ինստիտուտի փորձը և գործունեության ուղիները:
Միջոցառումը մասնակիցներին հնարավորություն տվեց նաև ծանոթանալ գլաուկոմայի բուժման նոր երկու մոտեցմանը, որոնք ներկայացրեց ՀԱՆ հոգաբարձուների խորհրդի անդամ, Կալիֆորնիայի համալսարանի պատվո պրոֆեսոր Ռիչարդ Հիլը:
Հայ ակնաբույժների ներկայացրած զեկուցումները վերաբերում էին ակնաբուժության տարբեր նեղ մասնագիտական ոլորտների և հետաքրքիր քննարկումների հիմք դարձան: Համաժողովին ներկայացվեցին նաև ՀԱՆ-ի Աչքի շարժական հիվանդանոցի աշխատանքների արդյունքները, ՀԱՆ-ի և հայ ակնաբույժների շուրջ 25-ամյա բեղմնավոր համագործակցության գրանցած նշանակալի ձեռքբերումները:
Նշենք, որ համաժողովը կազմակերպվել էր ՀՀ առողջապահության նախարարության, Հայկական ակնաբուժության նախագծի, Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի և ՀՀ ակնաբույժների ասոցիացիայի համագործակցությամբ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
982 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1327 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1147 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան