211652_close_icon
views-count20234 դիտում article-date 23:09 28-06-2016

Ինչու՞ էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելել տնտեսագիտական համալսարան, որտեղ ասեղ գցելու տեղ չկար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՊՏՀ բակում այսօր տեղի ունեցավ «Շրջանավարտ-2016» ամենամյա հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ վարչապետ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, համալսարանի պրոռեկտորները, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմերի աշխատակիցներ, Ուսանողական խորհրուրդն՝ իր ամբողջ կազմով, մի քանի հարյուր շրջանավարտներ՝ տարբեր կրթաձևերից: Հանդիսությունը, որը կազմակերպել էին ՀՊՏՀ-ն, Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ու բուհի ուսանողական խորհուրդը, հագեցած էր տարբեր անակնկալներով, երաժշտական ելույթներով, դիպլոմների հանձնման արարողությամբ և համերգային մասով: Շրջանավարտներին գերազանցության ավարտական վկայականներ հանձնելու արարողությունը սկսեց ՀՀ վարչապետ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ շրջանավարտներին ուղղված իր խոսքում նշելով. «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն այսօր մեծ կյանք է ճանապարհում մասնագետների նոր սերունդ՝ օժտված խորը գիտելիքներով և անհրաժեշտ հմտություններով: Այսօր դուք ամփոփում եք համալսարանական կրթության շրջափուլը, որը խիստ կարևոր է յուրաքանչյուր մարդու կյանքում: Կրթությունը, որն ավանդաբար բարձր արժեք է մեր ժողովրդի համար, շարունակում է այդպիսին մնալ՝ անկախ հանգամանքներից և հնարավորություններից»: Վարչապետի խոսքով՝ կրթված հասարակությունը պետության ամրության, երկրի զարգացման և հասարակության առաջընթացի երաշխիքն է, որին այլընտրանք չկա և պատահական չէ, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունն իր զարգացման ծրագրով, ամենօրյա աշխատանքով որդեգրել է կրթության խրախուսման մոտեցումը՝ հատկապես կարևորելով կրթության մատչելիությունն ու հասանելիությունը: Հովիկ Աբրահամյանը նաև նշեց, որ իր համար՝ որպես պետության Կառավարության ղեկավարի, հատկապես կարևոր է որակյալ տնտեսագետների առկայությունը, որոնք կարող են իրենց գիտելիքներով նպաստել մեր տնտեսության առաջանցիկ զարգացմանը: «Համոզված եմ, որ լավ պատրաստված մասնագետները նոր լիցք են հաղորդելու Հայաստանի տնտեսության զարգացման մեծ գործին, դառնալու երկրի առջև ծառացած խնդիրների լուծման գործը ստանձնող պատասխանատու քաղաքացիներ: Տեղյակ եմ, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում անցնող տարիներին ստեղծվել են ժամանակակից կրթության կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմանները՝ արդիական միջավայր, հետազոտական աշխատանքի հնարավորություն, նյութատեխնիկական հիմքի վերազինում, թվային գրադարան: Հուսով եմ, որ սա տվել է իր արդյունքը, և դուք համալսարանից հեռանում եք անհրաժեշտ գիտելիքներով և անմոռանալի տպավորություններով, որոնք կօգնեն ձեզ կյանքում գտնելու ձեր արժանի տեղը»,- իր խոսքը եզրափակեց Կառավարության ղեկավարը՝ բարի ճանապարհ մաղթելով ՀՊՏՀ շրջանավարտներին: «Շնորհավորում եմ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ՝ հանրապետության ամենակայացած բուհերից մեկի շրջանավարտներին»,- ՀՊՏՀ շրջանավարտներին ուղղված բարեմաղթանքի խոսքում նշեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ այսօրը շրջանավարտների համար կյանքի նոր փուլ է բացում: Կրթության և գիտության նախարարի խոսքով՝ հաշվի առնելով մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները և այն նոր խնդիրները, որոնք կարող են ծագել ապագայում, լավ պատրաստված մասնագետների ներդրումը երկրի կառավարման գործում խիստ կարևոր է: Նախարարը վստահություն հայտնեց, որ ՀՊՏՀ շրջանավարտներն իրենց ներդրումը կունենան երկրի շինարարության գործում: ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ևս գերազանցության դիպլոմներ հանձնեց շրջանավարտներին: «Ավանդույթի ուժով յուրաքանչյուր տարի այս շրջանում մենք հավաքվում ենք՝ հանդիսավոր արարողությամբ հաջողություն մաղթելու ևս մեկ սերնդի, որը մասնագիտական մկրտություն է ստացել մեր համալսարանում, այս պատերի ներքո, որոնք, համոզված եմ, այնքան հարազատ են դարձել ձեզ: Այսօր տոն է ոչ միայն ձեզ համար, սիրելի շրջանավարտներ, այլև մեզ` կրթության գործի կազմակերպիչներիս ու պատասխանատուներիս համար: Մեր համալսարանը յուրաքանչյուր տարի բակալավրիատում և մագիստրատուրայում մեծ թվով շրջանավարտներ է թողարկում, ճանապարհում մասնագիտական աշխատանքի ասպարեզ ու սրտի թրթիռով հետևում նրանց կայացմանն ու հաջողությանը: Ուսանողի կրթությանը նպատակաուղղված հետևողական ու անմնացորդ ջանքերից հետո էլ համալսարանը շարունակում է նախանձախնդիր լինել նրանց առաջընթացի հարցում ու անհրաժեշտության պարագայում հասնել ու սատարել»,- իր ելույթն այսպես սկսեց համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը: Ռեկտորը վստահ է, որ կրթության շարունակականությունը պետք է դառնա շրջանավարտների ինքնահաստատման հիմնաքարն ու առաջխաղացման կարևոր խթանը: Ռեկտորը գերազանցության վկայականներ հանձնեց շրջանավարտներին, ապա՝ նաև համալսարանի հետ համագործակցող մի քանի տասնյակ ընկերությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների հանձնեց շնորհակալագրեր և հուշանվերներ: «Արմենթել» ընկերության ներկայացուցիչը բուհին ուղղված շնորհակալական խոսք ասաց, շեշտադրեց շրջանավարտների հետ հետադարձ կապ պահպանելու համալսարանի մոտեցումը, ապա հավելեց, որ իրենց մոտ աշխատանքի անցած շրջանավարտները լավագույն արդյունք են ցուցաբերում: Հրաժեշտի խոսք ասաց նաև շրջանավարտ Գոհար Հովհաննիսյանը՝ խոսելով համալսարանում իր ստացած գիտելիքների, անցած ճանապարհի և իր ապրումների մասին: Հանդիսությունը շարունակվեց դիպլոմների հանձնումով, երաժշտական ելույթներով, ինչը ներկաներին պարգևեց բարձր տրամադրություն: Միջոցառումն ամփոփվեց տոնական հրավառությամբ և պարային ռիթմերով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 256+
256+

Նմանատիպ նյութեր