Ծեծկռտուք քաղաքի կենտրոնում. տուժածների մեջ է «Մելռոզ» փաբի խոհարարը
Ոստիկանության Կենտրոնական բաժնում հետաքննություն է սկսվել հունիսի 15-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 03:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի Որսորդական խանութի մոտ ծեծկռտուք է տեղի ունենում:
Նույն օրը, ժամը 04:50-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիանության Կենտրոնական բաժին, որ շտապօգնության թիվ 06 խումբը իրենց մոտ է տեղափոխել Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի 22-ամյա Էմիլ Ալզարիֆին, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է անհայտ անձանց կողմից Մաշտոցի պողոտայի Շահումյանի անվան դպրոցի մոտ` ծեծի ենթարկվելու ժամանակ:
Կարճ ժամանակ անց նույն շտապօգնության խումբը նույն հիվանդանոց է տեղափոխել Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, 20-ամյա Հակոբ Շուրելյանին, ով նույնպես հայտնել է, որ վնասվածքը ստացել է նշված դպրոցի մոտ` անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով:
Գ. Շամշյանի տեղեկություններով` վիրավորները ժամանակավորապես բնակվում են Երևան քաղաքի Հանրապետության փողոցի 76/3 շենքում: Հ. Շուրելյանը աշխատում է «Մելռոզ» փաբի խոհարար:
Ոստիկանութան Կենտրոնականի բաժնի հետաքննիչ Ոսկանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ` ծեծի մասնակիցներին, ովքեր ըստ տուժածների հայտարարության` 10-ից ավելի են եղել, հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: