211652_close_icon
views-count38627 դիտում article-date 12:34 23-01-2016

Առեղծվածային ծեծկռտուք և դանակահարություն Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում. տուժածների մեջ են 2 ընտանիքների եղբայրներ

Ոստիկանության Գավառի բաժնում հետաքննություն է սկսվել հունվարի 21-ին Գավառի բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ստացված ահազանգի փաստով: Ժամը 13:40-ի սահմաններում Գավառի բժշկական կենտրոնից տեղի ոստիկանությանը հայտնել են, որ «փակ գանգուղեղային տրավմա, գլխի գագաթային և ծոծրակային շրջանների ծակած-կտրած վերքեր, քթի սալջարդ, քթի արյունահոսություն, կրծքավանդակի ձախ կեսի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Արծվաքար թաղամասի բնակիչ, 27-ամյա Մուշեղ Գալեյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ նույն օրը, ժամը 13:00-ի սահմաններում, նշված թաղամասի Գ. Միքայելյան փողոցում նույն թաղամասի բնակիչներ, 27-ամյա Արթուր Ավետիսյանը, 34-ամյա Վարազդատ Ավետիսյանը, 21-ամյա Ռազմիկ Ավետիսյանը, 22-ամյա Դավիթ Ավետիսյանը, 23-ամյա Անանիկ Ավետիսյանը, 23-ամյա Էրիկ Մելքոնյանը և 23-ամյա Մերուժան Մելքոնյանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել Մ. Գալեյանին: Ըստ տեղեկությունների՝ վիճաբանության ժամանակ Անանիկ Հենրիկի Ավետիսյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Մ. Գալեյանի գլխին, իսկ հետո նրան ծեծի ենթարկողները ոտքերով և քարերով հարվածներ են հասցրել Մ. Գալեյանի վարած Opel մակնիշի 34 ՍM 036 համարանիշի ավտոմեքենային: Նույն օրը, ժամը 17:30-ի սահմաններում Արծվաքար թաղամասի բնակիչ, 34-ամյա Վարազդատ Ռազմիկ Ավետիսյանը ոստիկանությանը հայտնել է, որ ժամը 15:10-ի սահմաններում Գավառի հիվանդանոցում Արծվաքար թաղամասի բնակիչ, 49-ամյա Արտեմ Միշայի Գալեյանը բռունցքով հարվածել է իր դեմքին և քթին: Նույն օրը, ժամը 15:10-ի սահմաններում Գավառի բժշկական կենտրոն «փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում՝ հարցականով, վերին շրթունքի անկյունի պատռվածք վերք, քթի շրջանի քերծվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Արծվաքար թաղամասի բնակիչ, 21-ամյա Ռազմիկ Արթուրի Ավետիսյանը: Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը, ժամը 13:00-ի սահմաններում Արծվաքար թաղամասի գոմերի մոտ Արման Արտեմի Գալեյանը և Մուշեղ Արտեմի Գալեյանը ծեծի են ենթարկել իրեն: Բոլորին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. և Մ. Գալեյանները, ինչպես նաև Արթուր, Վարազդատ, Ռազմիկ, Դավիթ Ավետիսյանները հարազատ եղբայրներ են: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր