211652_close_icon
views-count2495 դիտում article-date 22:00 14-06-2016

Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Ճանաչենք մեր հերոսներին» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը

Ցուցահանդեսը կազմակերպվել էր ԵՊՀ մարտական պատրաստության ակումբի նախաձեռնությամբ: Հայ զինվորի ու հրամանատարի կերպարն ամբողջացնող ցուցահանդեսին հաջորդեց նաև ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանի հետ հանդիպումը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունիսի սկզբին համալսարանականներն այցելել էին Արցախ աշխարհ: Նրանք Մարտակերտ քաղաքում հանդիպել էին «Մարտական խաչ» շքանշանի արժանացած ասպետների հետ: Ակտիվ լուսանկարչությամբ զբաղվող ուսանողներից մի քանիսն էլ լուսանկարել էին հայրենիքի պաշտպաններին, նրանց, ովքեր ապրիլյան պատերազմում թշնամուն հասցրել էին ոչ միայն տեխնիկական, այլև մարդկային հսկայական կորուստներ: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ համալսարան-բանակ կապը երկար տարիների պատմություն ունի, ինչն էլ վկայում են ռազմահայրենասիրական բնույթի ամենամսյա միջոցառումները, որոնք անցկացվում են և՛ Մայր բուհում, և՛ ՊԲ զորամասերում: Պարոն Սիմոնյանը ողջունելի է համարում դասախոսների և ուսանողների պարբերական այցելություններն Արցախ աշխարհ. «Այդ կերպ փորձ է արվում համալսարանականին կապել բանակային կյանքին, առօրյային և այլն: Համալսարանականները տարվա մեջ մի քանի անգամ անցկացնում են բանակ-բուհ կապին միտված բազմաթիվ ծրագրեր, գիտաճանաչողական այցեր, իսկ դրանք կարևոր են ու նպատակային՝ այդ կապն ամրապնդելու և ավելի արդյունավետ դարձնելու համար: Այս լուսանկարներն էլ այդ ամենի վառ ապացույցն են»: Քաջարի մարտիկները, ովքեր լուսանկարների գլխավոր հերոսներն են, հանրությանը ոգևորում և ներկայանում են իրենց լայնախոհ ժպիտով, հպարտությամբ ու վեհ կեցվածքով՝ միաժամանակ ցույց տալով, որ հայ զինվորն անպարտելի է: Լուսանկարիչները վստահ են՝ շարքն ընդլայնվելու է, որովհետև հայ զինվորի կերպարն անմահացնող շատ դրվագների ականատեսն են լինելու, իսկ այդ ամենին նպաստելու են զորամասեր կատարվող պարբերական այցելությունները: ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանի խոսքերով՝ ցուցահանդեսի անցկացումը մի քանի նպատակ ունի. նախ այն, որ համալսարանականները ճանաչում են մերօրյա հերոսներին, և երկրորդ՝ տեսնում նրանց ջերմ ու անմիջական շփումը համալսարանականների հետ. «Մերօրյա հերոսների լուսանկարներում իսկապես մեծ ասելիք կա, իսկ մեր լուսանկարիչները շատ լավ են աշխատել այդ ուղղությամբ: Պետք է նշեմ, որ ի դեմս Մայր բուհի՝ բանակ-հասարակություն կապն ամուր է, լավ հիմքերի վրա դրված»: Միջոցառման երկրորդ մասում գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը խոսեց բանակային կյանքի մի շարք առանձնահատկությունների, սերունդների տարբերությունների, ինչպես նաև մերօրյա հերոսների սխրանքների ու քաջագործությունների մասին և պատասխանեց համալսարանականների հարցերին: Հիշեցնենք, որ «Ճանաչենք մեր հերոսներին» խորագիրը կրող ցուցահանդեսը ներկայացված է ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 5-րդ հարկի նախասրահում: Այն ցուցադրված կլինի մինչև հունիսի 30-ը:

Նմանատիպ նյութեր