211652_close_icon
views-count1907 դիտում article-date 22:30 14-12-2018

ԵՊՀ-ում տեղի է ունեցել Պլովդիվ քաղաքի լուսանկարների ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԵՊՀ գրադարանի նախասրահում այսօր տեղի ունեցավ ցուցահանդես՝ նվիրված բուլղարական քաղաքին: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևանը, ՀՀ մշակույթի և սփյուռքի փոխնախարարները, Վրաստանի, Ճապոնիայի և այլ երկրների արտակարգ և լիազոր դեսպանները, ԵՊՀ պրոռեկտորները, քաղաքական գործիչներ, հյուրեր: 2019 թվականին Պլովդիվը Եվրամիության կողմից ճանաչվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք: Այդ առիթով ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանատունը որոշել էր Պլովդիվ ուղարկել լուսանկարիչ Րաֆֆի Յուրեջյանին՝ լուսանկարների տեսքով արձանագրելու այն մշակութային և հասարակական գործունեությունը, որ Պլովդիվում ծավալում է հայկական համայնքը: ՀՀ-ում Բուլղարիայի դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևան մեզ հետ զրույցում նշեց, որ այս տարի Պլովդիվ քաղաքի համար շատ հատկանշական է, և դեսպանությունը ցանկացել է մշակութային հարուստ ժառանգություն և ավանդույթներ ունեցող այդ քաղաքը ներկայացնել նաև հայ համայնքի ստեղծագործ գործունեության տեսանկյունից: «Պլովդիվն առանձնահատուկ է, քանի որ այնտեղ կողք կողքի ապրել և արարել են հայեր, հրեաներ, մուսուլմաներ, որոնք իրենց մշակութային և կրոնական տարբերությունները ոչ թե կոնֆլիկտների, այլև խաղաղ կեցության գրավական են դարձրել»,-ասաց Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևան: Լուսանկարիչ Րաֆֆի Յուրեջյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տպավորված է ինչպես Պլովդիվ քաղաքի գեղեցկությամբ, այնպես էլ այդ քաղաքում ապրող հայերի մշակութային ներուժով. «Երբ Բուլղարիայի դեսպանատնից այդ առաջարկը ստացա, ունեի միայն մեկ նպատակ՝ հնարավորինս հստակ փոխանցել այն էներգիան, որն ունի Պլովդիվը: Իբրև լուսանկարիչ՝ ուզում եմ մարդկային պատմությունները ճիշտ լուսանկարել»: Պլովդիվի յուրահատկություններից մեկը, ըստ լուսանկարչի, այն է, որ հին քաղաքը նոր երիտասարդությամբ բոլորվին այլ տեսք ունի, և կարևոր է՝ այս ամենի հիմքում ներկայացնել նաև այն մշակութային և հասարակական գործունեությունը, որը ծավալում է հայ համայնքը: Լուսանկարների շարքը հերթով ներկայացնում էր Պլովդիվ քաղաքի տեսարժան վայրերն ու մշակութային արժեքները, նաև այնտեղ ապրող հայ համայնքի մշակութային և հասարակական առօրյան: «Ինձ համար այս ցուցադրության ամենագեղեցիկ նկարներից մեկը հարուստ հայ վաճառական Ստեփան Հինդիլյանի տան նկարն է: Իհարկե, դժվար էր լուսանկարներում ստանալ այդ տան ամբողջ գեղեցկությունը: Տունը Պլովդիվում ճանաչվել է թանգարանային արժեք»,- ասաց Րաֆֆի Յուրեջյանը:Ցուցահանդեսը բաց է բոլոր հետաքրքրասերների համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր