1572 դիտում
19:25 07-06-2016
Պատմությունն իրեն կեղծողներին նետում է պատմության աղբանոց. Էդուարդ Շարմազանով
Հարգելի խորհրդարան,
Քաղաքական ամառը մեկնարկեց պատմական իրադարձությամբ: Առաջին աշխարհամարտում Օսմանյան Թուրքիայի երբեմնի դաշնակից Գերմանիայի խորհրդարանը ճանաչեց եւ դատապարտեց Հայոց ցեղասպանությունը: Դա լուրջ քայլ էր ցեղասպանությունների միջազգային ճանաչման ընդլայնման ուղղությամբ եւ կրկնակի մեծ հարված թուրքական ժխտողականությանը: Ճանաչմանը հաջորդեց Թուրքիայի հիստերիկ արձագանքը, սակայն ոչ պակաս հիստերիկ էր նաեւ երկրորդ թուրքական պետության առաջնորդ Ալիեւ կրտսերի հոխորտանքը, երբ նա Բունդեսթագի բանաձեւը կեղծիք եւ սադրանք որակեց: Ավելին՝ Ալիեւը Բունդեսթագին մեղադրեց նաեւ անցած տարվա հունիսին հակաադրբեջանական բանաձեւ ընդունելու հարցում՝ նեղսրտելով, թե Գերմանիան Ադրբեջանը համարում է ոչ ժողովրդավարական երկիր:
Ինչպիսի՜ զավեշտ. փոքրիկ բռնապետը ժողովրդավարության դասեր է տալիս Գերմանիային:
Սակայն սրանով ալիեւյան անհեթեթությունները չեն ավարտվում: Օրերս նա հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ, մեղմ ասած, խեղաթյուրելով պատմությունը՝ ձեռնոց նետեց ոչ ավել, ոչ պակաս անտիկ հեղինակներին՝ Ստրաբոնին, Պոլիբիոսին, Դիոն Կասիոսին, Պլուտարքոսին, Պտղոմեոսին:
Ավելին՝ նա իր հայտարարությամբ փորձում է «սխալ հանել» բրիտանական հանրագիտարանը, ԽՍՀՄ ակադեմիական հրատարակության «Համաշխարհային պատմությունը»՝ նշելով, որ ոչ միայն Արցախն է ադրբեջանական տարածք, այլեւ Սյունիքից մինչեւ Երեւան եղել են պատմական Ադրբեջանի տարածքներ:
Հարգելի գործընկերներ,
Այս անհեթեթություններին անդրադառնալու որեւէ անհրաժեշտություն չէր լինի, եթե դրանց հեղինակը չլիներ պետության առաջնորդ: Սուբյեկտիվության մեջ չմեղադրվելու համար՝ այժմ որեւէ հայկական սկզբնաղբյուր չեմ մատնանշի:
Այսպիսով՝ անտիկ հեղինակ Ստրաբոնը նշում է, որ Հայաստանի եւ Ատրպատականի հարավային սահմանագիծն անցնում է Արաքս գետով: Այսինքն՝ ներկայիս Ադրբեջանը պատմական Ատրպատականի տարածքի հետ որեւէ աղերս չունի:
Ե՛վ Ստրաբոնը, ե՛ւ Պտղոմեոսը, ե՛ւ Պլուտարքոսը, ե՛ւ Պլինիոս Ավագը, ե՛ւ Դիոն Կասիոսը հստակ նշում են, որ արեւելքում Հայաստանի եւ Աղվանքի սահմանն անցել է Կուր գետով, այսինքն՝ մինչեւ Կուր գետ եղել է պատմական Հայաստան: Իսկ աշխարհահռչակ ռուս գիտնական Ա.Պ. Նովոսելցեւը, ուսումնասիրելով անտիկ պատմիչներին, նշել է. «Ոչ միայն Արցախն է հայկական, այլեւ Ուտիքն ու Գարդմանը»:
Ի՞նչ կապ ունեն այս ամենի հետ ադրբեջանցիները: Դիմենք Վիքիպեդիայի օգնությանը:
Ադրբեջանցիներ՝ թուրքալեզու ժողովուրդ: Իսկ ո՞րն է թուրքալեզու ժողովուրդների հայրենիքը: Միջին Ասիայի եւ Ալթայի միջեւ ընկած տափաստանները:
Ե՞րբ է Կովկասում առաջացել Ադրբեջան անվանումով պետություն: Միայն 1918 թվականի մայիսին թուրք Նուրի փաշայի արշավանքների հետեւանքով: Բայց քանի որ Ադրբեջանի ղեկավարը նախընտրում է ընթերցել ոչ թե պատմական սկզբնաղբյուրներ, այլ վկայակոչում է ինչ-որ քարտեզներ, ես կհորդորեի նրան Հռոմ այցելելու ժամանակ ծանոթանալ Հին աշխարհի՝ մեր օրերին հասած ամենահայտնի քարտեզներից մեկին: Այնտեղ նա կտեսնի Հռոմեական կայսրության սահմանները, պատմական Հայաստանը Արցախով հանդերձ, ինչպես նաեւ Իրանը:
Եզրափակելով խոսքս՝ որպես պատմաբան՝ նշեմ, որ պատմությունն անողոք է բոլոր նրանց հանդեպ, ովքեր փորձում են կեղծել այն՝ դաժանաբար նետելով նրանց պատմության աղբանոց:
Շնորհակալություն ուշադրության համար:
Նմանատիպ նյութեր
1381 դիտում
20:44 15-10-2023
Ձեր նմաններն էին, որ 70 տարի քար էին նետում Նժդեհի, Արամի ու Դրոյի վրա․ Էդուարդ Շարմազանով
3906 դիտում
10:25 12-06-2020
«Պատմության աղբանոց» գոյություն չունի․ «Առավոտ»
Այս բաժնից
487 դիտում
18:42 30-01-2025
Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը
880 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
469 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը