211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում. փրկարարներն ու պարեկները Հրազդան գետից դուրս են բերել այնտեղ հայտնված կնոջը. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. ժամանել է Արաբկիրի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count16636 դիտում article-date 19:13 19-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Արաբկիրի զբոսայգու կողմից, քաղաքացին ընկել է Հրազդան գետը և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի գլխավորությամբ:

Տեղում փրկարարները գետից դուրս են բերել մոտ 70 տարեկան կնոջը, ապա ավագ պարեկ Տիգրան Հայրապետյանի, կրտսեր պարեկ Գևորգ Յութինյանի հետ շտապօգնության բժիշկների օգնությամբ կնոջը մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ինչից հետո բժիշկները նախ տեղում բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն: 
 
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը:
 
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիիրի քննչակա բաժին:
 
Արաբկիրի ոստիկաններն ու պարեկները պարզում են հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը: 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր