211652_close_icon

Երևանում՝ Ֆանարջյան փողոցում, Կոստան Զարյանի անվան դպրոցի և սեփական տների տարածքում շարունակվում է գարշահոտը. բնակիչները «Վեոլիա ջրին» համեմատում են հրեշի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count10912 դիտում article-date 20:00 19-10-2025
SHAMSHYAN.com-ը հոկտեմբերի 17-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Ֆանարջյան փողոցում՝ Կոստան Զարյանի և սեփական տների հարևանությամբ տիրող հակասանիտարական և գարշահոտ վիճակի մասին:
 
Հրապարակման հաջորդ օրը թե՛ Երևանի քաղաքապետարանը, թե՛ «Վեոլիա ջուր»-ը խոստացել էին, որ խնդիրը իրենք կկարգավորեն, քանի որ այդ մասին իրենք դեռ վաղուց գիտեին: 

Հրապարակման հաջորդ օրը «Վեոլիա ջուր» ընկերությունը, ճիշտ է, 2 անգամ ժամանում է նշված վայր և փորձում հարցը լուծել, սակայն այսօր արդեն հոկտեմբերի 19-ին խնդիրը ոչ միայն չի կարգավորվել, այլ էլ ավելի է վատացել: 

Կեղտաջրերն արդեն լցվում են մարդկանց տները ու կա վտանգ, որ իրավիճակը դուրս կգա վերահոսկողությունից: 

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները արդեն զայրացած ամենավերջին խոսքերն էին ուղղում Երևանի քաղաքապետարանի և «Վեոլիա ջուր» ընկերության հասցեին:
 
Բնակիչներից մեկը ներկայացնում էր իր կողմից պատկան մարմիններին ուղղված բազմաթիվ նամակներ, որոնք սակայն դրական արդյունք չեն տվել:
 
«Արդեն մեր համբերության բաժակը լցվել է: Մնում է՝ ոչ միայն դատի տանք «Վեոլիա ջրին», այլև դիմենք կտրուկ միջոցների:
 
Ում դիմում ենք՝ ոչ մի դրական արդյունք:
 
Ամբողջ փողոցը քանի տարի է՝ ահավոր վիճակ է:

«Վեոլիա ջուրը» ստից գալիս, ինչ-որ պրովուդկով իբր գործ է անում, սակայն խնդիրը չի կարգավորվում: 

Մեզ համար «Վեոլիա ջուր» այլևս գոյություն չունի: Այդ անունը լսելիս ասում ենք՝ դրանք ոչ թե մարդկանց օգնելու համար են, այլ իսկական հրեշներ են: 

Արդեն զզվել ենք դրանցից: Կառավարությունը ընկելա ՀԷՑ-ի հետևից, մեր փողոցում ՀԷՑ-ի կողմից երբևէ ոչ մի խնդիր չենք ունեցել, իսկ «Վեոլիա ջուր»-ը ամբողջ բնակիչներիս, դպրոցի երեխաներին սարքել ա արդեն հոգեկան հիվանդ: 

Հոգեկաններս խանգարվել ա էդ «Վեոլիա ջուր» կոչվածների պատճառով: 

Այստեղ արդեն պետք է միջամտի կառավարությունը ու «Վեոլիա ջրի» գլխին, վարչապետի ասած, պողպատե մուրճով մի քանի անգամ ընենց տա, որ իսկականից գործ անեն, ոչ թե դատարկ խոսեն ու մեր՝ սպառողներիս հաշվին իրենց թափանները լցնեն»:

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանն ու «Վեոլիա ջուր» ընկերության պատասխանատուն վերջին ամիսներին, կարծես թե, միայն դատարկ խոստումներ են տալիս, երբ ահազանգեր են ստանում, որ մայրաքաղաքի այսինչ վարչական շրջանի այսինչ փողոցում դիտահորերի խցանման պատճառով կեղտաջուրը դուրս է գալիս ու ամբողջ տարածքում տիրում է գարշաոտություն ու հակասանիտարական վիճակ:
 
Սույն պարոնները ամեն անգամ կուրծք ծեծելով հայտարարում են, թե իրենք սրտացավ մոտեցում են ցուցաբերում բնակիչների՝ տվյալ դեպքում՝ սպառողների նկատմամբ և ամեն ինչ անում են, որպեսզի բնակիչներին անհարմարություններ չպատճառվի, հրատապ կարգով աշխատանքներ են իրականացնում, որը ցավոք, շատ դեպքերում իրականության հետ աղերս չունի:

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, հերթական անգամ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ֆանարջյան փողոցում կեղտաջրերը դիտահորից դուրս են գալիս և հոսում ճանապարհով մեկ՝ անհարմարություններ ստեղծելով այդ վայրում գտնվող Երևանի Կոստան Զարյանի անվան թիվ 117 հիմնական դպրոցի և հարևանությամբ գտնվող մեծ թվով սեփական տների բնակիչների համար: 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասել էին. 

«Քանի տարի է՝ էս գարշահոտ, հակասանիտարական վիճակն է: Քանի տարի է՝ կեղտը դիտահորերից դուրս է գալիս ու հոսում մի քանի կիլոմետր շառավղով: Մեռանք զանգելով Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, «Վեոլիա ջուր», բայց ոչ մի դրական պատասխան: 
 
Եթե առաջ գոնե պատասխանում էին մեր զանգերին, հիմա նույնիսկ չեն էլ պատասխանում: 
Երևի մեր համարները իրենց մոտ ֆիքսված ա, տեսնում են՝ մենք ենք, չեն պատասխանում: Մենակ մեր բազմաթիվ զանգերին արձագանքել է և ինչ հնարավոր է եղել, արել է՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը:
 
Նույնիսկ 4-5 անգամ իր միջոցներով է խնդիրը լուծել: 

Մաքրել է տվել դիտահորերը, ճանապարհն է հատուկ քսանյութերով լվանալ տվել ու որոշ ժամանակ անց նորից դիտահորերից կեղտը դուրս է թափվել:
 
2 օր ա՝ էս ահավոր վիճակն ա, երեխաները դասի են գալսի էս կեղտաջրի միջով:
 
Էլ չենք ասում, որ հոտը մինչև դասասենյակներ զգացվում է: 

Չգիտենք, էլ հույն չունենք ո՛չ Երևանի քաղաքապետարանից, ո՛չ «Վեոլիա ջրից»:
 
Մեկա՝ երկուսն էլ ասես ձեն-ձենի տված լինեն ու չեն էլ փորձում հարցը լուծել:
 
Էս գարշահոտ, հակասանիտարական վիճակը ինչքան ա պահպանվելու՝ մենք էլ տեղյակ չենք»:
 
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր