211652_close_icon

«Պատմության աղբանոց» գոյություն չունի․ «Առավոտ»

views-count3969 դիտում article-date 10:25 12-06-2020
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Չնայած նախօրոք հայտարարվում է, որ պարետատան նիստերից հետո ասուլիսների թեման կլինի բացառապես կորոնավիրուսը, չորեքշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ քաղաքական հայտարարություններով և իր ընդդիմախոսներին ուղարկեց «պատմության աղբանոց»: Այդպիսի արտահայտություններն ընդունված են թե՛ համաշխարհային և թե՛ հայաստանյան քաղաքական պրակտիկայում. հիշեցնեմ, որ, օրինակ, Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրեն քննադատողներին անվանում էր «քաղաքական դաշտի թափոններ»: Որքան հասկանում եմ, ներկայիս իշխանությունների կարծիքով, ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանը», ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, մի շարք այլ գործիչներ և ուժեր հայտնվել են պատմության աղբանոցում, իսկ ահա «Քաղաքացիական պայմանագրի» անունը ոսկե տառերով կգրվի Հայոց պատմության մատյաններում: Էլ ո՞վ է, ըստ իշխանությունների, արժանանալու այդ պատվին: Այս պահի դրությամբ, հավանաբար, նաև ՀԱԿ-ը՝ չնայած դրանում վստահ չեմ, որովհետև բացառված չէ, որ այդ կուսակցությունն էլ երբևէ կքննադատի ներկայիս իշխանությանը և, հետևաբար, «կուղարկվի» համապատասխան տեղ: Բայց, եթե հարցին նայենք ավելի լայն համայնապատկերի տեսանկյունից, ապա կտեսնենք, որ, ինչպես ասացի, «աղբանոց ուղարկելը» քաղաքականության մեջ սովորական երևույթ է՝ դա «նորի» կողմից «հինը» ժխտելն է: Հետագա ընթացքը, սակայն, ցույց է տալիս, որ պատմական առումով ոչինչ չի մերժվում՝ տեղի է ունենում այն, ինչ Հեգելն անվանում էր die Aufhebung, երբ նոր մակարդակի վրա ժխտվողը և ժխտողը պահպանվում են՝ որոշակի նոր գծեր ձեռք բերելով: Բողոքականները պատմական աղբանոց էին ուղարկում կաթոլիկներին, սակայն այսօր երկուսն էլ գոյություն ունեն և իրար առանձնապես չեն խանգարում: Կոմունիստները կարծում էին, որ կապիտալիզմը կհայտնվի աղբանոցում (Ելցինն էլ կոմունիզմն էր նույն տեղն ուղարկում), բայց շուկայական հարաբերությունները պահպանվել են՝ շատ երկրներում ձևափոխվելով և ներառելով սոցիալական արդարության տարրեր: Պատմությունից ոչ մի բան հնարավոր չէ ջնջել կամ, այսպես ասած, «դեն գցել»: Իհարկե, կլինեն կուսակցություններ, որոնք, օրինակ, Հայաստանում այս 30 տարվա ընթացքում ստեղծվել են, բայց հետո չեն կարողացել ապացուցել իրենց կենսունակությունը: Դա չի նշանակում, որ դրանք աղբանոցում են, պարզապես այդ կուսակցություններն այլևս չեն կարող ազդել իրավիճակի վրա, թեև դրանց մի մասը թղթի վրա առայժմ գոյություն ունի: Դժվար թե նման բան կարելի է ասել, մասնավորապես, Դաշնակցության մասին: Հաստատ կլինեն նաև գործիչներ, որոնց բարի խոսքերով չեն հիշում: Բայց նրանք էլ աղբանոցում չեն՝ իրենց տեղում են պատմության մեջ, և, ի դեպ, վերաբերմունքն էլ կարող է փոխվել տարիների, տասնամյակների և անգամ դարերի ընթացքում: Այնպես որ առօրյա քաղաքական խոսակցություններին պետք է հանգիստ վերաբերվել՝ դրանցից խուսափել հնարավոր չէ: Ինչպես նաև պատմությունից»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր