Մահացել է գրող, լրագրող, խմբագիր Մհեր Դավոյանը
Մահացել է գրող, լրագրող, խմբագիր Մհեր Դավոյանը: Այս տեղեկությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց նկարիչ, Մհեր Դավոյանի վաղեմի ընկեր Արտակ Բաղդասարյանը:
«Նա առողջական խնդիրներ ուներ, բուժվում էր, երեկ վիճակը կտրուկ վատացավ, բժիշկները շտապ վիրահատություն կատարեցին, սակայն դա չօգնեց»,-ասաց Արտակ Բաղդասարյանը:
Մհեր Դավոյանը ավարտել ԵՊՀ-ի Արևելագիտության ֆակուլտետը: Նա «Մունետիկ», «Նորաթերթ» թերթերի, «Քաղաք» ամսագրի հիմնադիր-խմբագիրն էր: Մհեր Դավոյանը որպես խմբագիր աշխատել է «Ֆինանսներ և էկոնոմիկա» հանդեսում, ինչպես նաև «Ճամփոդ» ամսագրում:
«Մի քանի փայլուն պատմվածքների ու էսսեների հեղինակ է: Ես կառանձնացնեի «Կարմիր խնձորներ` Օ Հենրիի հիշատակին» ստեղծագործությունը: Նրա մի քանի ստեղծագործություններ հրատարակվել են «Անդին» հանդեսում: Ինչ վերաբերում է նրա մարդկային որակներին, հիմա ինձ դժվար է Մհեր Դավոյանի մասին որևէ բան ասելը: Միայն կարող եմ ասել, որ իրեն բնորոշելու համար դրական իմաստով ցանկացած բառ կարող եք ընտրել, բայց այն ներկայացնելով գերադրական աստիճանով»,- ասաց Արտակ Բաղդասարյանը:
Մհեր Դավոյանը բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանի որդին է: Նա ամուսնացած էր, ուներ 4 երեխա:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ցավակցում է Մ. Դավոյանի ընտանիքին ու հարազատներին: