211652_close_icon
views-count2455 դիտում article-date 09:46 27-04-2016

Կողմերի հետ աշխատում ենք ԵԱՀԿ մոնիտորինգային առաքելության ընդլայնման շուրջ. Ուորլիք. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր միջնորդները՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան, այսօր աշխատում են մեկ նպատակի շուրջ՝ պահպանել հրադադարը շփման գծում և հակամարտող կողմերի միջև անհապաղ վերսկսել բանակցային գործընթացը՝ եռանախագահների հովանու ներքո՝ մեզ ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը՝ պատասխանելով մեր հարցերին: Դեսպան Ուորլիքը շեշտում է՝ հակամարտությունը չունի ռազմական լուծում: Միջնորդներն այսօր աշխատում են ընդլայնել այն միջոցները, որոնք թույլ կտան կրճատել բախումների ռիսկերը շփման գծում՝ մասնավորապես աշխատելով ԵԱՀԿ մոնիտորինգային առաքելության ընդլայնման ուղղությամբ: «Շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին տիրող անկայունությունը հստակ մատնանշում է, թե ինչու է անհրաժեշտ, որ կողմերն անհապաղ ձեռնամուխ լինեն համակողմանի կարգավորման շուրջ բանակցությունների»,- ասել է ամերիկացի համանախագահը: Մեր հարցին՝ ինչո՞ւ ի վերջո չի կայացել Սարգսյանի և Ալիեւի հանդիպումը Վաշինգտոնում, Ուորլիքը պատասխանել է, թե նախագահ Օբամայի կողմից Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում անցկացնելու ծրագիր չի եղել ի սկզբանե: Կա՞ արդյոք որևէ առաջընթաց դիվանագիտական գործընթացում՝ քառօրյա պատերազմից հետո: Եղան մի շարք հանդիպումներ թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի նախագահների հետ: Տարածաշրջան այցելեցին նաև Մինսկի խմբի համանախագահները: Ի՞նչ արդյունքների են հասել կողմերը: Հնարավոր կլինի՞ կայունացնել վիճակը և խուսափել ապագայում ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսումից: «Ապրիլի 5-ից հրադադարը մեծապես պահպանվում է, սակայն մեզ շարունակում է մտահոգել, որ տիրում է մեծ լարվածություն, և տեղի են ունենում հրադադարի խախտումներ: Շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին տիրող անկայունությունը հստակ մատնանշում է, թե ինչու է անհրաժեշտ, որ կողմերն անհապաղ ձեռնամուխ լինեն համակողմանի կարգավորման շուրջ բանակցությունների: Մենք միանշանակ փաստում ենք, որ լայնածավալ ռազմական գործողություններ վերստին չեն կարող լինել, և այս հակամարտությունը չունի ռազմական լուծում: Մենք նաև աշխատում ենք կողմերի հետ բռնությունների ռիսկը կրճատող միջոցների, օրինակ՝ ԵԱՀԿ մոնիտորինգային առաքելության ընդլայնման շուրջ»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր