3253 դիտում
21:52 22-04-2016
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին
Ապրիլի 22-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:
Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, ապա շարունակվեց ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։
Ողջունելով Սերգեյ Լավրովին` նախարար Նալբանդյանը նշեց, որ իրենց հանդիպումները թե Երևանում, թե Մոսկվայում և թե տարբեր միջազգային հարթակներում կանոնավոր բնույթ են կրում: Նախարար Նալբանդյանը կարևորեց Սերգեյ Լավրովի այցը Երևան, որը լավ հնարավորություն է ընձեռում քննարկելու երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:
Էդվարդ Նալբանդյանը հավելեց. «Ռուսաստանի արտգործնախարարի այցը Հայաստան տեղի է ունենում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակում և, բնականաբար, մեր այսօրվա քննարկումների կարևորագույն մասը նվիրված է լինելու դրանց հետևանքների հաղթահարմանը ուղղված քայլերին։ Սակայն ամեն ինչ չէ, որ հնարավոր է շտկել. կան զոհեր, իսկ դա անվերականգնելի է»։ Նա ընդգծեց, որ Բաքվին սթափեցնելու համար այլևս բավարար չեն կոչերն ու հորդորները, հարկավոր են հստակ քայլեր՝ Ադրբեջանին կարգի հրավիրելու և կառուցողական դաշտ բերելու նպատակով։ Արտգործնախարարը շեշտեց, որ Ադրբեջանը չպետք է պատրանքներ ունենա, թե ռազմական ճանապարհով կարող է հարցեր լուծել։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սերգեյ Լավրովը նշեց, որ ուրախ է գտնվել Երևանում, որտեղ իրենց մշտապես ջերմ են ընդունում և կարևորեց բոլոր հարցերի շուրջ հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերություններին բնորոշ անկեղծ ու կառուցողական քննարկումների անցկացումը։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրմանը` նախարար Լավրովը ցավակցություն հայտնեց ապրիլի սկզբին ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների հարազատներին և մերձավորներին։
Զրուցակիցները համակարծիք էին, որ ուժի կիրառումն անընդունելի է, և բանակցային ճանապարհով կարգավորումն այլընտրանք չունի: Նրանք ընդգծեցին 1994-1995թթ. ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի հաստատման և զինադադարի ամրապնդման մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերի կարևորությունը և դրանց անշեղ ու լիակատար իրականացման անհրաժեշտությունը: Այս համատեքստում երկուստեք ընդգծվեց միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման հրատապությունը։
Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը բովանդակալից զրույց ունեցան Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական, ռազմատեխնիկական, առևտրատնտեսական, ապակենտրոնացված, հումանիտար և այլ բնագավառներում համագործակցության շուրջ: Անդրադարձ արվեց Հայաստանի պաշտպանունակության բարձրացման նպատակով պայմանավորվածությունների կատարմանը։
Նախարարները մտքեր փոխանակեցին հայ-ռուսաստանյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների, միջխորհրդարանական շփումների վերաբերյալ։
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկեցին երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվող պարբերական խորհրդատվությունների օրակարգը: Ուշադրության կենտրոնում էին ՄԱԿ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր։
Բանակցությունների օրակարգում էին Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարը, տարածաշրջանային և միջազգային այլ հարցեր։
Հանդիպման ավարտին Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
5217 դիտում
22:34 19-01-2017
Մոսկվայում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովին
4569 դիտում
19:12 18-03-2016
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանին
Այս բաժնից
901 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»