«Աշխարհում Տերյան է եղել, Վարուժան է եղել աշխարհում»․ Համո Սահյան
Դժվար է եղել քո ուղին
Ու դաժան է եղել աշխարհում
Ժայռերդ խժռող՝ խուժդուժ
Մի խուժան է եղել աշխարհում։
Բայց ուժիդ հավատը քեզնից
Անբաժան է եղել աշխարհում։
Թե խաղաղ խշշացող մի օր
Ու մի ժամ է եղել աշխարհում,
Կռել ես արվեստդ անմեռ․․․
Աշխարհում Տերյան է եղել,
Վարուժան է եղել աշխարհում։
Մի ձեռքիդ մոխիր, մի ձեռքիդ
Յասաման է եղել աշխարհում։
Եղել է մթին Մարութա,
Լուսավան է եղել աշխարհում,
Եվ նրանց միջև՝ անսահման
Մի սահման է եղել աշխարհում։
Նորոգված ու նոր դպրության
Մի սահանք է եղել աշխարհում,
Եվ գուցե երբևէ կհիշես,
Որ այդ նոր սահանքում նաև
Մի Սահյան է եղել աշխարհում։