211652_close_icon
views-count5242 դիտում article-date 09:42 05-03-2016

ԵՏՄ-ական նոր մարտահրավեր Հայաստանին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսական «Վեդոմոստի»-ն գրում է, որ Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին առաջարկում է ձեռնամուխ լինել ներմուծման փոխարինման կամ նոր ռուսական, այսպես ասած, «իմպորտազամիշենիա» երևույթին: Այդ երևույթը Ռուսաստանում հնարվեց ի պատասխան արևմտյան պատժամիջոցների, թեև առայսօր զավեշտի ու ծաղրանքի առիթներից բացի՝ Ռուսաստանին ըստ էության չի տվել ոչինչ: Եվ չի էլ կարող տալ, քանի որ ժամանակակից աշխարհում մեկուսացումը, այն էլ՝ ինքնամեկուսացումը, չի կարող որևէ բան տալ որևէ տնտեսության: Բայց Ռուսաստանը փաստորեն ոչ թե հրաժարվում է այդ անհեթեթ գաղափարից, այլ փորձում է այն տարածել Եվրասիական տնտեսական միության մյուս անդամների վրա: Իսկ ինչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ Ռուսաստանը նախ՝ նրանցից էլ է պահանջում, այսպես ասած, արգելակներ սահմանել արևմտյան արտադրանքի և տեխնոլոգիաների ներկրման համար՝ այդպիսով ըստ էության միանալով «հակաարևմտյան» իր պատասխան «պատժամիջոցներին», և մյուս կողմից՝ Ռուսաստանն ըստ էության իր մեկուսացման շրջանակը պարտադրում է ԵՏՄ մյուս երկրներին: Թե ինչ հետևանք դա կարող է ունենալ նրանց համար տնտեսական և քաղաքական առումով՝ ավելորդ է մեկնաբանել ու նկարագրել: Առավել ևս՝ Հայաստանի համար, որն արդեն իսկ ՌԴ մեկուսացման պատճառով կրում է բավական զգալի տնտեսական կորուստներ: Դրան կավելանան նաև կորուստները հենց իր՝ նաև Հայաստանի մեկուսացումից: Սրան զուգահեռ՝ հետաքրքրական է, որ Հայաստանը նախաձեռնել է լիովին հակառակ գործընթաց: Սերժ Սարգսյանը օրեր առաջ հայտարարեց, որ խորհրդակցությունների շարք է սկսում արտաքին տնտեսական հարաբերությունները տարբեր երկրների հետ խորացնելու, նոր ներդրումներ ու շուկաներ գտնելու համար: Եվ սա, իհարկե, ստեղծված իրավիճակում նվազագույնն է, որ պետք է անել: Մինչդեռ ԵՏՄ երկրներին Ռուսաստանի առաջարկը տրամագծորեն հակառակ է Հայաստանի այս նախաձեռնությանը: Ըստ այդմ հարց է առաջանում՝ Հայաստանը, որ ներկայումս նախագահում է ԵՏՄ-ում, և որի ներկայացուցիչը ԵՏՄ-ի փաստացի վարչապետն է, կկարողանա՞ դիմակայել Ռուսաստանի այդ նախաձեռնությանը, որի նպատակը ըստ էության մեկն է՝ գոնե ԵՏՄ-ում առավել լայն ճանապարհ բացել ռուսական ապրանքների համար: Թե ինչ է նշանակում ռուսական ապրանք՝ ևս բավական լավ հայտնի է հայ սպառողներին: Հայաստանի իշխանությանը ԵՏՄ-ում սպասվում է բավական մեծ մարտահրավեր, որի չեզոքացումը գործնականում անհնար է թվում, եթե այդ հարցում Մոսկվային դիմադրություն ցույց չտան Աստանան ու Մինսկը: Հայաստանի հույսը ԵՏՄ-ում այդ երկու մայրաքաղաքներն են, թեև, իհարկե, այդ իրավիճակը որևէ կերպ չի կարող գոհացուցիչ լինել: Նրանք Հայաստանին գուցե պահում են բավական աղետալի հեռանկարներից, ԵՏՄ ճահճում ավելի խորը թաղվելուց, բայց միևնույն ժամանակ նրանք լուծում են Մոսկվայի հետ իրենց հարցերը, անում են իրենց առևտուրը, իսկ Հայաստանի խնդիրները մեծ հաշվով շարունակում են մնալ չլուծված: Եվ այդ իմաստով, իհարկե, Հայաստանը ԵՏՄ-ում գոնե պետք է ունենա իր ձայնը, թեև եթե Հայաստանն ունենար այդ ձայնը, այն կհաներ ԵՏՄ մտնելուց առաջ»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր