Հայաստանից փայտանյութի արտահանումը ոչ ԵՏՄ-ական երկրներ արգելվեց
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց հաստատել Հայաստանի տարածքից ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններ արտահանման դեպքում ՀՀ ծագում ունեցող արգելված ապրանքների ցանկը:
Հարցը ներկայացրեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ նշելով, որ այս որոշմամբ առաջարկվում է արգելել փայտանյութի և դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանումը երրորդ երկրներ: Նա հավելեց, որ այս արգելքը վերաբերում է մասնավորապես վառելափայտին, գերաններին:
Նախարարի խոսքով, այս արգելքը 6 ամսով է, քանի որ այն պետք է ուղարկվի ԵՏՄ երկրներին՝ հաստատման, եթե նրանք չհաստատեն, ապա միևնույն է, 6 ամսով արգելքը գործելու է: Իսկ եթե հաստատվի, ապա կարգավորումը կգործի ավելի երկար ժամանակով:
Այս որոշման ընդունմամբ ակնկալվում է պահպանել շրջակա միջավայրը և Հայաստանի Հանրապետությունից փայտանյութի և դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանման արգելքի միջոցով սահմանել համապատասխան կարգավորումներ։