211652_close_icon
views-count10453 դիտում article-date 22:06 22-02-2016

Վանաձորցի նորածին եռյակի համար օրորոց ունենալն այսօր ծնողների երազանքն է

Փետրվարի 18-ին Վանաձորի ծննդատանը լույս աշխարհ եկած եռյակ տղաները միանգամից գրավեցին լրատվամիջոցների ուշադրությունը: Բացի այն, որ Վանաձորի ծննդատան պատմության մեջ վերջին 23 տարում սա եռյակ ծնվելու առաջին դեպքն էր, այն հետաքրքրական էր նաև նրանով, որ հղիությունը տեղի էր ունեցել բնական ճանապարհով: Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանի դիտարկմամբ՝ արհեստական բեղմնավորման արդյունքում հաճախ են եռյակներ ծնվում, սակայն որ բնական ճանապարհով հղիության արդյունքում եռյակներ ունենան, հազվադեպ է լինում: «29 տարվա աշխատանքային ստաժ ունեմ, իմ աշխատանքային պրակտիկայի ընթացքում վերջին եռյակը Վանաձորում ծնվել է 1993-ին՝ երեք աղջիկներ»,- նշում է Ա. Ավալյանը: Եռյակ ունենալու լուրը անակնկալի է բերել նաև ծնողներին: «Անակնկալ էր մեզ համար: Մտածում էի տղա կունենանք, բայց ստուգեցին, ասացին՝ տղաներ են, եռյակ է, անակնկալի եկանք»,- ասում է երիտասարդ մայրիկը՝ Ռիմա Միրզոյանը: Ռիման ծննդատուն է ընդունվել հղիության 35-36 շաբաթական ժամկետում: Ելնելով երեխաների դիրքից ու հղիության ժամկետից՝ կատարվել է կեսարյան հատում: Տղաները երեքն էլ անհաս են. ծնվել են 1900, 1700 և 1800 գ քաշով: «Երեխաները ծնվել են թեթև ասֆիքսիայով, կատարվել են բոլոր անհրաժեշտ բուժական միջոցառումները: Նորածիններից երկուսը թթվածին են ստանում, երրորդը համեմատաբար ավելի բարվոք վիճակում է: Նորածինները ինտենսիվ բուժման կարիք ունեն»,- նշում է Լոռու մարզի գլխավոր նեոնատոլոգ Լիլիթ Ղարաքեշիշյանը: Եթե ամեն ինչ բարեհաջող լինի, մի քանի օրից մայրիկն ու երեխաները դուրս կգրվեն: Բազմազավակ հայրը՝ Սամվել Զարգարյանը, սակայն, չգիտի, թե երեխաներին ուր է տանելու: Ընտանիքը բնակարան չունի: Վարձով բնակարանում ապրող ընտանիքն այլևս չի կարողանում վճարել ոչ բնակարանի վարձը, ոչ էլ կուտակված կոմունալ վճարները: Ընտանիքի միակ կերակրողը Սամվելն է, ով Վանաձորում աշխատում է որպես աղբատար մեքենայի բանվոր: Ինչպես ինքն է ասում՝ այս ոլորտում է 11 տարեկանից: Առանց հոր խնամքի մեծացած տղան այսօր հայրացել ու չի ուզում, որ իր երեխաներն էլ բախվեն այն խնդիրներին, որոնց ժամանակին ինքն է բախվել: Ամսական 40.000-50.000 դրամ աշխատավարձ ստացող երիտասարդի աշխատավարձը չի բավարարում նույնիսկ տան վարձն ու կոմունալ վարձերը վճարելու համար: «Էս ամիս 40.000 դրամ ա ստացել: Ես չգիտեմ 40.000-ը տան վարձ տամ, կոմունալ տամ, թե երեխեքին հաց տամ: Մենակ տան վարձը 25000 ա, ձմռան ամիսներին կոմունալ վարձերն էլ հետը 50000-ին մոտ նստում է»,- աչքերն է լցնում Ռիման: Ընտանիքի հացի խնդիրը որոշ չափով մեղմվում է ստացած 29.000 դրամ ընտանեկան նպաստի հաշվին: «Տանը երկու աղջիկ ունեմ, Սամվելի առաջին կնոջից ունեցած տղային՝ Արմենին էլ ենք խնամում, չնայած խնամակալը սկեսուրս է»,- շարունակում է Ռիման: Փոքրիկ Արմենի մայրը մահացել է երեխայի ծննդից կարճ ժամանակ անց: Թոռնիկի խնամակալությունը հանձն է առել տատիկը, ով նրա ու դստեր հետ բնակվում է Վանաձորի հանրակացարաններից մեկում: Չնայած հանրակացարանային անմխիթար պայմաններին, Սամվելը շատ է ցանկանում, որ իր ընտանիքին էլ սենյակ հատկացնեն: Վանաձորի քաղաքապետարանում խոստացան, որ առաջիկայում բազմազավակ ընտանիքին ևս սենյակ կհատկացվի նույն հանրակացարանում: Ընտանիքի պարտքերն այնքան են կուտակվել, որ Սամվելն այսօր նույնիսկ երեխաների ծննդյան վկայականներն ստանալու համար պահանջվող գումարը չի կարողանում վճարել: «Եկա զագսից՝ ծննդականները հանեմ, ասի՝ անվճար կլինի, բայց չէ, վճարովի էր, ամեքի համար 1000 դրամ ուզեցին: Չգիտեմ ինչ անեմ»,- նշեց նա: Երեխաների համար առաջին անհրաժեշտության որոշ իրեր կարողացել են գնել, սակայն ասում են, որ գնածը բավարար չի նույնիսկ մեկ երեխայի, էլ ուր մնաց երեքին բավարարեր: Երեխաների համար օրորոց ունենալն այսօր ծնողների երազանքն է: Արմանը, Արամն ու Արտյոմն առայժմ ստիպված կլինեն քնել մեծահասակների մահճակալներին: Աղբյուրը` [url=http://hetq.am/arm/news/65878/vanadzorci-noratsin-eryaki-hamar-ororoc-unenaln-aysor-tsnoxneri-erazanqn-e.html]Hetq.am[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր