1067 դիտում
14:03 20-01-2016
Գործադիրը հաստատել է արտահանման և ՏՏ ոլորտների խթանմանն ուղղված ծրագրերը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Գործադիրը հաստատել է Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2016թ. ծրագիրը և միջոցառումների ցանկը: Ծրագրի շրջանակում ակնկալվում է պետական աջակցության գործիքների կիրառման միջոցով արդյունաբերական արտադրանքի արտահանման ծավալների ավելացման խթանում, արտահանելի հատվածի ընդլայնում, մասնավորապես` նպաստել արտահանման տեսականու և շուկաների դիվերսիֆիկացմանը, արտաքին շուկաներում հայկական արտադրանքի ներկայացվածությանը, ՀՀ մարզերում տնտեսական և ներդրումային ակտիվության բարձրացմանը և աջակցել տնտեսության տեխնիկական, տեխնոլոգիական վերազինմանը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այդ առումով հանձնարարություններ է տվել և հորդորել է էկոնոմիկայի նախարարին հետևողական լինել դրանց կատարմանը:
Գործադիրը հաստատել է նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2016թ. ծրագիրը և ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների իրականացման ժամանակացույցը: Ծրագրի ընդունման և իրականացման նպատակն է աջակցել Հայաստանում տեղեկատվական, գիտելիքի վրա հիմնված առաջադեմ հասարակության և զարգացած, համաշխարհային ճանաչում ունեցող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կայացմանը: Ծրագրի իրագործման արդյունքում, մասնավորապես, ակնկալվում է՝ ՏՏ ոլորտի զարգացման միտումների վերլուծություն ու մարտահրավերների ուսումնասիրություն, ոլորտի նվաճումների ներկայացում, ոլորտի զարգացման խթանման, ներկայացման և առաջմղման համար մեխանիզմների մշակում, ՏՏ ոլորտի վարչական վիճակագրական ռեգիստրի արդյունավետ վարում, ՏՏ ոլորտի մասնագիտական կարողությունների զարգացում, մասնավորապես, հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնի բնականոն գործունեության ապահովում, դասընթացների, սեմինարների և այլ միջոցառումների կազմակերպում, «Մայքրոսոֆթ», «ԱյԲիԷմ» և այլ վերազգային ընկերությունների հետ կարողությունների զարգացման և այլ համատեղ ծրագրերի իրականացում:
Կառավարության մեկ այլ որոշմամբ «Լիկվոր» ՓԲԸ-ին թույլատրվել է օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Լիկվորը հանդիսանում է ստերիլ դեղամիջոցներ արտադրող ընկերություն, գործում է քիմիական արդյունաբերության բնագավառում, որն արդյունաբերության ենթաոլորտ է: Ըստ հիմնավորման, արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:
Նմանատիպ նյութեր
1684 դիտում
18:16 12-01-2016
Քննարկվել են տեղական արտադրանքի արտահանման խթանմանն ուղղված հետագա քայլերը
973 դիտում
10:40 16-09-2014
Սահմանամերձ համայնքներում զբաղվածության խթանմանն ուղղված ծրագրեր կիրականացվեն
Այս բաժնից
979 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
1000 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»