211652_close_icon
views-count67600 դիտում article-date 17:28 15-01-2016

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի տնից գողերը տարել են «Ֆրանկ Մյուլեր» և «Ռոլեքս» տեսակի ձեռքի ոսկյա ժամացույցներ. մարզպետը կրել է 200 հազար դոլարի վնաս

Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (գողությունը, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, առանձնապես խոշոր չափերով) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հունվարի 13-ի ժամը 22:00-ից մինչև հունվարի 14-ը ժամը 11:00-ն ընկած ժամանակահատվածում` անհայտ անձի կամ անձանց կողմից Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի Կողբ գյուղի 1-ին փողոցի թիվ 40 տանից կատարված գողության փաստով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` հանցագործը կամ հանցագործները մազպետի տուն են մտել 2-րդ հարկի պատշգամբի դուռը հատուկ տեխնիկական միջոցներով բացելուց հետո և այնտեղից հափշտակել են 2 հատ ոսկյա Ֆրանկ Մյուլեր, 1 ոսկյա Ռոլեքս տեսակի օրիգինալ ձեռքի ոսկյա ժամացույցներ, կանացի ոսկյա վզնոցներ, ձեռքի ապարանջաններ, ոսկյա, արծաթյա զարդեր, 2 հատ iPhone տեսակի բջջային հեռախոս, 200 հազար ռուսական ռուբլի, 30 հազար եվրո, մոտ 55 հազար ԱՄՆ դոլար և այլ թանկարժեք իրեր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` գողութան մասին տեղեկությունը Նոյեմբերյանի ոստիկանություն է հայտնել մարզպետի տղան` 24-ամյա Աշոտ Աբովյանը, ով աշխատում է ՀՀ ֆինանսների նախարարությաւն մաքսանենգության դեմ պայքարի Գուգարքի մաքսատանը` որպես տեսուչ: Ըստ նախնական տեղեկությունների` մարզպետը կրել է մոտ 200 հազար դոլարի վնաս: Հանցագործներին հայտնաբերելու և գողունը գտնելու համար ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Գևորգյանի կարգադրությամբ ստեղծվել է օպերատիվ խումբ: Երևանից Տավուշի մարզ է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի քննչական խումբը, ովքեր մարզի քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ նույնպես աշխատանքներ են կատարում` հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր