211652_close_icon
views-count4327 դիտում article-date 19:00 15-12-2015

Երկու ձիու վրա նստած ո՞ւր ես գնում

Մշակութային ավանդույթը սիրելի-հարազատ ստեղծագործությունների, մեթոդների, ուղղությունների, առանձնահատկությունների զարգացումն է ժամանակակից հասարակակական պատվերի մեջ:

Ազգային, էթնիկ, կրոնական, ազգակցական, կուսակցական, խմբային, գաղափարական, փիլիսոփայական ընդհանրություններից որևէ մեկի կամ մի քանիսի ընկալման-գիտակցման-զգացման վրա խարսխվում-ձևավորվում է սիրելիության-հարազատության զուտ սուբյեկտիվ գործոնը: Եթե նախկինում (երբևէ) ստեղծվածի մեջ սիրելի-հարազատ ոչինչ չկա, չի գտնվում, ապա մշակութային ավանդույթի մասին խոսք լինել չի կարող:

«Կա Մեծարենց, կա Տերյան,- և բազում ուրիշ պոետներ կան, բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության» չարենցյան տողն ունի նախապատմություն. Բոլշևիկները նոր աշխարհ, նոր մշակույթ, նոր մարդ ստեղծելու հեղափոխական տարերքի մեջ պղծում և արժեզրկում էին բուրժուական անցյալը:

Մինչ հեղափոխությունը գրված ստեղծագործությունները համարում էին սխալ, կեղծ, օտար, խորթ, պիղծ, անարժեք, արհամարվում և արգելվում էին: Այդկերպ ճանապարհ էր բացվում կոմունիստ ստեղծագործողների համար և չեզոքացվում էին այլ մշակութային-քաղաքակրթական ազդեցությունները: Նոր ձևավորվող հասարակությունը նոր պատվեր էր իջեցրել, որին համապատասխան նոր մշակույթ էր ստեղծվում, որն ըստ էության հակամշակույթ էր: Այդ ավերիչ հակամշակութային ընթացքին ընդդիմացող Չարենցը գրեց այդ տողը:

Այդպիսով՝ բոլշևիկը ջնջում էր մշակութային արժեքը, որովհետև այն համարում էր խորթ-պիղծ՝ բուրժուական, իսկ Չարենցը ձգտում էր պահպանել-զարգացնել, որովհետև այն նրան սիրելի-հարազատ էր: 20-րդ դարավերջին խորհրդային բռնազավթման տարիների ստեղծագործողները համարվեցին ապազգային-խորթ, սոցռեալիզմի կաղապարով սահմափակված, էժանագին: Սակայն մշակութային նոր էլիտան չընտրեց կոնկրետ իդեալ, այլ նստեց միաժամանակ երկու ձիու վրա՝ և՛ օրենքի, և՛ կոռուպցիայի, և՛ անցյալի, և՛ ապագայի, և՛ ազատության, և՛ կոլաբորացիոնիզմի: Ամեն ինչ խառվեց, ինչպես անցումային շրջանում: Ինքնության որոնումները խճճվեցին (չգիտեն ով են): Ազգային-հասարակական գաղափար-ուղենիշ չկա (չգիտեն ուր են գնում): Արժեքներ չկան: Կենսափիլիսոփայություն չկա: Մշակութային ընդհանրության-հարազատության չափանիշներ չկան: Հասարակական պատվեր չի ձևավորվում: Երկու ձիու վրա նստելը ներշնչեց երկդիմիություն, որն առաջացրեց վստահության և սիրո դեֆիցիտ: Ընթերցողը չի վստահում, չի սիրում ստեղծագործողին, որովհետև կարծում է, թե ստեղծագործողը կեղծում է: Իսկ ստեղծագործողն ատում է ընթերցողին, որովհետև կարծում է, թե ընթերցողը ցածրաճաշակ է և տգետ:

Արդյունքում ստեղծագործությունները ներծծվում են զզվանքով ու արհամարանքով դեպի ընթերցողը և հասարակությունն ընդհանրապես, իսկ ընթերցողը լցվում է արհամարանքով ու զզվանքով դեպի սեղծագործողը և մշակույթն ընդհանրապես: Այդ իրավիճակը հիշեցնում է մութ դարերը, երբ թատրոնը թատրոնի համար էր, մաթեմատիկան՝ մաթեմատիկայի, երբ մարդն ինքնին արժեք չէր, այլ գործիք, աշխատուժ, զանգված, բանվոր, ծառայող, զինվոր, դահլիճ, խաղացող, հարկատու, լավագույն դեպքում՝ մարմնավաճառ:

Թաթուլ  Մկրտչյան

Նմանատիպ նյութեր