211652_close_icon

Քննչական բաժինը պարզել է Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վիրավորների և վարորդների ինքնությունը, ինչպես նաև վիրավորներին առաջինը բուժօգնություն ցուցաբերած զինվորականի և կամավորական ընկերության տվյալները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count8548 դիտում article-date 11:34 15-08-2025
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է օգոստոսի 12-ին Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 35 կմ հատվածում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վիրավորների և վարորդների ինքնությունը: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է որ «Nissan»-ը վարել է Կոտայքի մարզի բնակիչ 21-ամյա Միշա Խաչատրյանը, «Opel»-ներից մեկը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Մելիք Օհանյանը, իսկ մյուս «Opel»-ը վարել է Երևանի բնակիչ 54-ամյա Գևորգ Գևորգյանը: 
 
Վթարի հետևանքով «Opel»-ի վարորդ Մ. Օհանյանն ու նրա ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 16-ամյա Դավիթ Դ.-ն, «Nissan»-ի վարորդ Մ. Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո բոլորը տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 

Վթարի հետևանքով «Nissan»-ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Կարինե Աբրահամյանը տեղում մահացել է:

Պարզվել է նաև, որ «Nissan»-ը դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բաժանարար գոտու վրայով, բախվել եկաթե արգելապատնեշներին և հայտնվել դեպի Սևան ընթացող ուղեմասում՝ բախվելով «Opel»-ներին և կողաշրջվել: 
 
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզել են նաև, որ մինչ շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերի ժամանումը, վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս է բերել այդ պահին ճանապարհով անցնող ՀՀ պաշտպանության նախարարության Երևանում գործող N զորամասի զինծառայող 27-ամյա Նարեկ Հարությունյանը, ով նաև անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել, որից հետո բժիշկներն են օգնություն ցուցաբերել, իսկ վիրավորներից մեկին էլ տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել Հայաստանում արդեն գործող, մեծ հեղինակություն ու հարգանք վայելող «Faster First Aid» (Արագ առաջին բուժօգնություն) կամավորական ընկերության կամավորները, հիմնադիր տնօրեն Գուրգեն Հովհաննիսյանի գլխավորությամբ, ովքեր արդեն հմտացել են նման պայմաններում հայտնված վիրավորներին առաջին անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերելու մեջ, ու նշված ընկերության կամավորների շնորհիվ արդեն մի քանի կյանքեր են փրկվել թե՛ Երևանում, և թե՛ մարզերում: 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 12-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 35 կմ հատվածում բախվել էին 2 «Opel» մակնիշի և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջված հայտնվել էր երթևեկելի գոտում։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնավածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Չարենցավանի և Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատներից՝ 1-ական մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները օգտագործել էին հատուկ տեխնիկա, որպեսզի վիրավորներին դուրս բերեն ավտոմեքենաներից ու մոտեցնեն շտապօգնության ավտոմեքենային, ովքեր էլ միչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն էին ցուցաբերել։

Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել էին ավտոմեքենաները և փակել գազաբալոնի փականը։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի, դասակի հրամանատարի տեղակալ, Գրիգոր Մաթևոսյանի և նույն գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Դավիթ Քարիմյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի ավագ պարեկ Ալբերտ Ստեփանյանը և կրտսեր պարեկ Տիգրան Ղազարյանը։

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Անի Դանիելյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Չարենցավանի բաժնից տեղեկությունը փոխանցել էր ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Չարենցավանի քննչական բաժնի պետ Կարեն Գրիգորյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վաչագան Մովսիսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Չարենացավանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում էր վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել էր «Nissan»-ի վարորդի կողմից դեպի Երևան ընթանալիս բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին բախվելը և հանդիպակաց երթևեկելի գոտում հայտնվելը, ինչն էլ դարձել էր վթարի պատճառ։

Քննիչի հանձնարարականով՝ մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենաները տեղափոխվել էին ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր