Կընդլայնվի համագործակցությունը ՏԿԱԻ նախարարության և Շվեդիայի միջև
Դեկտեմբերի 8-ին ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանն ընդունեց ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության գործերի հավատարմատար Մորթեն Էնբերգին: Քննարկվեցին ՏԿԱԻ նախարարության հետ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:
Փ/ծ գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը ողջունելով հյուրին՝ նշեց, որ ՏԿԱԻ նախարարությունը ՀՀ-ում տարբեր երկրների դեսպանությունների հետ արդյունավետ համագործակցության հարուստ փորձ ունի և համոզմունք հայտնեց, որ դեսպանի այցը լավ առիթ կդառնա նախարարության հետ շվեդական համագործակցությունը ևս որակական նոր մակարդակի բարձրացնելու համար:
Ս. Ազարյանի խոսքով, ՏԿԱԻ նախարարությունը շվեդական կողմի հետ համագործակցում է տարածքային կառավարման մակարդակում, մասնավորապես՝ գործակցում են ՀՀ Լոռու մարզը և Շվեդիայի Ուփսալայի նահանգը:
«Ես կարծում եմ, որ մենք կարող ենք արդյունավետ համագործակցել նաև արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում, շվեդական փրկարարական փորձն ուսանելի կլինի Հայաստանի համար»,-նշեց Ս. Ազարյանը՝ որպես գործակցության հնարավոր ուղղություններ առանձնացնելով փրկարարական տեխնիկական աջակցության և փորձի փոխանակման ուղղությունները:
Նա տեղեկացրեց, որ ներկայումս նախարարությունն իրականացնում է փրկարարական համակարգի ապակենտրոնացման քաղաքականություն, ինչը կբարձրացնի համայնքներում արագ արձագանքման արդյունավետության մակարդակը:Շվեդական փորձն այս հարցում ևս օգտակար կլինի:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ-ում Շվեդիայի գործերի հավատարմատարը նշեց, որ ակտիվ աշխատանքներ կտարվեն՝ ՏԿԱԻ նախարարության հետ նշված ուղղություններով համագործակցություն ծավալելու ուղղությամբ: Նրա առաջարկով՝ ՏԿԱԻ նախարարությունը կգործակցի նաև դեսպանության տարհանման պլանի մշակման, առաջարկությունների ներկայացման և դրա փորձնական գործարկման աշխատանքներում: