Հայաստանը և Իրանը ընդլայնում են համագործակցությունը առողջապահության ոլորտում
Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շնորհավորեց նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` կարևորելով բարեկամ երկրի հետ համագործակցության ընդլայնումն ու զարգացումը։
«ՀՀ առողջապահության նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարությունները առողջապահության տարբեր ոլորտներում համագործակցության Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել տասը տարի առաջ»,-ասաց նախարարը` ընդգծելով համագործակցության նոր ուղղություններ նախանշելու անհրաժեշտությունը։ 2014թ. դեկտեմբերին Թեհրանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հայկական կողմը մշակել է Փոխըմբռնման հուշագրի նոր նախագիծ և դիվանագիտական խողովակով փոխանցել իրանական կողմին։
Սեյեդ Քազեմ Սաջադին, որ բարձրագույն իր կրթությունն սկսել է բժշկական համալսարանից, պարաստակամություն հայտնեց մեծապես աջակցել առողջապահության տարբեր ոլորտներում երկու երկրի համագործակցուկթյան հետագա ընդլայնմանն և զարգացմանը։ Նա հավաստիացրեց, որ դրա համար լավ նախադրյալներ կան` ներկայացնելով Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և դեղագործության ոլորտում ունեցած ձեռքբերումները։
Արմեն Մուրադյանն անդրադարձավ Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգում իրականացվող բարեփոխումներին ու ձեռքբերումներին։ Կարևորելով հանրային առողջապահական ծրագրերը` նշեց, որ իմունականխարգելման ազգային ծրագրի արդյունավետ իրականացման շնորհիվ երկրում վարակիչ հիվանդություններից մահացության ցուցանիշը ցածր է 1 տոկոսից։