211652_close_icon
views-count1382 դիտում article-date 17:59 13-11-2015

Ներկայացվել են էկոզբոսաշրջային երթուղիների մասին տեսահոլովակներ

Նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել «Էկոզբոսաշրջությունը Հայաստանում» ճանաչողական ծրագրի ամփոփումը, որի ժամանակ էլ կայացել է ծրագրի շրջանակում էկոզբոսաշրջային երթուղիների մասին նկարահանված 2 րոպե տևողությամբ գովազդային տեսահոլովակների ու ֆիլմերի առաջնադիտումը: «Էկոզբոսաշրջությունը Հայաստանում» ճանաչողական ծրագիրն անցկացվել է օգոստոսի 1-ից նոյեմբերի 13-ը Երևանում, «Արփի լիճ» ազգային պարկում, «Սոսու պուրակ» արգելավայրում, «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտում, Գոմքում և Հանքավանի արգելավայրերում: Արդյունքում նկարահանված տեսանյութերն անվճար կտրամադրվեն էկոզբոսաշրջային կազմակերպություններին` նշված ուղղություններով այցերն ակտիվացնելու համար: Նախընտրական փուլի արդյունքում ընտրված 36 մասնակիցները հնարավորություն են ստացել ներկա գտնվելու էկոզբոսաշրջության և ֆիլմ նկարահանելու հմտություների վերաբերյալ դասերին: Դրանց ընթացքում «Դոկտոր սինեմա» երիտասրադական ՀԿ-ի նախագահ Սեգ Կիրակոսյանը խոսել է ֆիլմ նկարահանելու հիմնական սկզբունքների մասին: «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արսեն Գասպարյանն էլ մասնակիցներին ներկայացրել է էկոզբոսաշրջության հիմնական գաղափարը և սկզբունքները, Հայաստանում էկոզբոսաշրջության զարգացման նախադրյալները, ինչպես նաև ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների, վերջիներիս տարածքում գտնվող կենսաբազմազանության, ստեղծված էկոերթուղիների և տվյալ վայրերում զբոսաշրջության կազմակերպման օրենքների մասին տեղեկություններ: Նախապես ընտրված աշխատանքային խմբերը բնության հատուկ պահպանությամբ տարածքներում հավաքագրել են տեղեկություններ էկոզբոսաշրջային ներուժի, կենսաբազմազանության, բնության և մշակութային հուշարձանների, շրջակա համայնքների վերաբերյալ: Ծրագրի մասնակիցներն այցերի ընթացքում հնարավորություն են ունեցել նաև գործնականում կիրառելու կինոստեղծման և կենսաբազմազանության դասընթացների ժամանակ ստացած տեսական գիտելիքները: «Սոսու Պուրակ» արգելավայրում խումբը բացի մի քանի հարյուր տարեկան սոսիներից նկարահանել է Ներքին Հանդ գյուղի հին բնակատեղին, Քսաջրի եկեղեցին, բուսատեսակներ, կենդանատեսակներ, մշակութային այլ հուշարձաններ, բուժական աղբյուրը (ավանդությունների համաձայն), կեցության համար նախատեսված վայրերը: «Արփի լիճ» ազգային պարկում աշխատանքային խմբին հաջողվել է տեսանկարահանել տասներեք տեսակի թռչուն, այդ թվում` Կարմիր գրքում գրանցված գանգրափետուր հավալուսն, սև արագիլ և այլն: Հանքավանում նկարահանումներն ընդգրկել են Արզաքան-Մեղրաձորի և Հանքավանի ջրաբանական արգելավայրերը, Հանքավան և Արտավազ գյուղերը, Ծաղկունյաց լեռների շրջապատող այլ տեսարժան վայրեր: Վայոց ձորի մարզի Գոմք, Մարտիրոս և Զառիթափ համայնքներում նկարահանումներն ընդգրկել են նորաստեղծ Զառիթափ-Գոմք-Մարտիրոս էկոսբոսաշրջային երթուղու տարածքը` վիմափոր խաչքարերով: «Էկոզբոսաշրջությունը Հայաստանում» ճանաչողական ծրագրի վերջին աշխատանքային այցի ուղությունը Գնիշիկ պահպանվող լանդշաֆտն էր: Այստեղ խմբին հաջողվել է նկարահանել շուրջ երեսուն Բեզոարյան այծ` վայրի բնության մեջ: «Էկոզբոսաշրջությունը Հայաստանում» ճանաչողական ծրագիրն իրականացրել է «Դոկտոր սինեմա» երիտասրադական ՀԿ-ն` «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա», «Համաշխարհային անկախ երիտասարդական միավորում» ՀԿ-ների հետ համագործակցությամբ, ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակում:

Նմանատիպ նյութեր