Սաուդյան Արաբիան չի ընդունում Եմենում հոսպիտալը ռմբակոծելու՝ իրեն ուղղված մեղադրանքները
Սաուդյան Արաբիայի կողմից ղեկավարվող միջազգային կոալիցիայի ավիացիան չի ռմբակոծել Եմենում «Բժիշկներ՝ առանց սահմանի» կազմակերպության հոսպիտալին, հայտարարել է ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի մշտական ներկայացուցիչ Աբդալահ ալ-Մուալլիմը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Tass-ը:
Նա հավելել է, որ կոալիցիան Սաադ քաղաքում, որտեղ գտնվում է հոսպիտալը, այդ պահին ռազմական գործողություններ ընդհանրապես չի իրականացրել:
Նրա խոսքով՝ կազմակերպությունը կոալիցիոն ուժերին ներկայացրել է հոսպիտալի ճշգրիտ կոորդինատները, որոնք մտնում են արգելված թիրախների ցուցակում, հետևաբար, կոալիցիան չէր կարող հարվածել այդ ուղղությամբ: