Թուրք ընդդիմադիր առաջնորդ Քըլըչդարօղլուն Դավութօղլուից պահանջել է 2 նախարարների հրաժարականը
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հանդիպում է ունեցել վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ, որի ժամանակ հայտարարել է, որ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով պաշտոններից պետք է հեռացվեն Ներքին գործերի և արդարադատության նախարարները:
«Ներքին գործերի նախարարը հայտարարել էր, որ ակցիայի անվտանգության հետ կապված ամեն ինչ նորմալ է: Իսկ ահաբեկչությունից հետո նախարարը պետք է հեռացվի պաշտոնից: Եթ նա հարգում է զոհված մարդկանց հիշատակը, ապա պետք է հրաժարական տա»,-մեջբերում է Ria Novosti-ն Քըլըչդարօղլուի խոսքը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Անկարայի կայարաններից մեկում խաղաղության ակցիայի ժամանակ 2 մահապարտ-ահաբեկիչների իրականացրած պայթյուններից զոհվել է 97, վիրավորվել 450-ից ավելի մարդ: