Բելառուսի ընտրություններում Լուկաշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների 80 տոկոսը. Exit-pol
Բելառուսի Գիտությունների Ազգային ակադեմիայի Սոցիոլոգիայի ինստիտուտը հրապարակել է էքզիթ-փոլի (Exit-pol) արդյունքները, որի համաձայն այսօր կայացած նախագահական ընտրություններում ընտրողների 80,3 տոկոսը ձայնը տվել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի օգտին:
Մեկ այլ ընկերություն՝ «Եվրասիական բարոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտը նույնպես հարցում է անցկացրել, որի տվյալների համաձայն, 80.3 տոկոսը քվեարկել է գործող նախագահի օգտին:
Այսօր երեկոյան ժամը 20:00-ին ավարտվել են համապետական ընտրությունները: Դեռ կեսօրին, ըստ «Ինտերֆաքս»-ի, երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, որ ընտրությունները կայացած են համարվում, քանի որ մասնակցությունը 51,2 տոկոս է կազմել: Իսկ արդեն ժամը 18:00-ի դրությամբ մասնակցել էր 81,8 տոկոս ընտրող:
Երկրի ղեկավարի ընտրություններում թեկնածուներն են եղել գործող նախագահ Լուկաշենկոն, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Սերգեյ Գայդուկևիչը, «Խոսիր Ճիշտը» շարժման ակտիվիստ Տատյանա Կորոտկևիչը և Բելառուսի Հայրենասիրական կուսակցության նախագահ Նիկոլայ Ուլախովիչը: