211652_close_icon
views-count704 դիտում article-date 16:35 05-10-2015

Հոկտեմբերի 5 և 6-ը հայտարարվել են հայ-գերմանական գիտության օրեր

ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի, ԵՊՀ-ի և Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության համատեղ նախաձեռնությամբ հոկտեմբերի 5-6-ը հայտարարվել է հայ-գերմանական գիտության օրեր: Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Կարևորելով գիտության ոլորտի միջազգայնացումը՝ նախարարը հատկանշական է համարել, որ միջոցառումը կրում է "Հայ-գերմանական գիտության օր" խորագիրը, որը վկայում է երկկողմ հարաբերությունների արդյունավետությունը. "Ավելի քան 2200 ուսանողներ Գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրերով ուսանել են Գերմանիայի առաջատար բուհերում, զարգացրել են հայ-գերմանական կապերը հանրակրթության ոլորտում՝ ներկայումս քննարկվում է Հայաստանում գերմանական գիմնազիայի հիմնադրման ծրագիրը: Հայաստանը իր տեղն ունի Եվրոպայի կրթական քարտեզի վրա, և գարնանը Երևանում կազմակերպված Եվրոպայի նախարարների բոլոնյան գագաթաժողովի ժամանակ մենք հյուրընկալել էինք Գերմանիայի երկու պատվիրակությունների",- նշել է Ա. Աշոտյանը՝ ընդգծելով, որ համագործակցության ամրապնդման և համատեղ գիտական ծրագրերի իրագործման բոլոր նախադրյալները կան: Ա. Աշոտյանի խոսքով՝ համատեղ գիտական նախագծերի ֆինանսավորման լավագույն գործիքներից մեկն էլ ԵՄ "Հորիզոն 2020" ծրագիրն է, որի անդամակացության հայտ է ներկայացրել նաև Հայաստանը. "ԵՄ նոր գիտական նախագծերի շրջանակում մենք արդեն ավարտին ենք հասցրել "Հորիզոն 2020" ծրագրին անդամակցելու բանակցությունները և մեր երկրին տրամադրվել է անդամակացության արտոնյալ պայմաններ՝ անդամավճարի նկատելի զեղչ: Սա նշանակում է, որ մեր գիտնականների համար, եթե ասելու լինենք պատկերավոր, վճարելով էկոնոմ դասի արժեք, մենք ստեղծում ենք բիզնեսի դասի պայմաններով աշխատելու հնարավորություն",- իր խոսքում նշել է նախարարը և կոչ արել միջոցառմանը ներկա գիտնականներին՝ ակտիվ լինել և օգտագործել նոր ծրագրի հնարավորությունները: Լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԿԳ նախարարը, անդրադառնալով հայ-գերմանական համագործակցությանը, նշել է, որ հայ գիտնակնների ներուժին գերմանական կողմը ծանոթ է՝ շնորհիվ Գերմանիայի առաջատար գիտական կենտրոններում աշխատող մեր գիտնականների: Այժմ, ինչպես նախարարն է նշել, կարևորվում են հայ-գերմանական համատեղ գիտական ծրագրերը: Անդրադառնալով ԵՄ "Հորիզոն 2020" ծրագրին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ գալիք տարվանից սկսած մինչև 2020թվականը ԵՄ-ն 70 միլիարդ եվրոյի ֆինանսավորում է հատկացնելու ԵՄ և Արևելյան գործընկերության անդամ երկրներին՝ գիտական հետազոտությունների համար. "Ես լիահույս եմ, որ այդ գումարի մի որոշակի հատվածն էլ բաժին է հասնելու հայ գիտնակններին: Պետությունն այս պահին պատրաստ է վճարել ծրագրի մուտքի վճարը: Թեպետ անդամության վճարը երկարատև բանակցությունենրի արդյունքում Հայաստանի համար 70 տոկոս զեղչվել է, սակայն, այնուամենայանիվ այն դարձյալ մեծ գումար է մեզ համար: Այս ծարգիրը բացառիկ հնարավորություն է մեր գիտնականների համար՝ իրացնելու իրենց մրցունակ առաջարկություններն ու նախաձեռնությունները: Պետությունն իր վրա է վերցնում ԵՄ գիտական ծրագրին անդամակցելու վճարը՝ վստահ լինելով, որ մեր գիտնականները իրենց գիտական պոտենցիալով առաջիկա տարիներին Հայաստան են բերելու շատ ավելի մեծ գումարներ",- շեշտել է Ա. Աշոտյանը:

Նմանատիպ նյութեր