Բաքվի դատարանում հայտնի լրագրող Հադիջա Իսմայլովային թույլ չեն տվել ավարտել վերջին խոսքը
Այսօր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվել է լրագրող, ալիևյան կլանի մութ գործերը բացահայտող Հադիջա Իսմայլովայի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը:
Իր խոսքում Իսմայլովան հայտարարել է, որ այդ ամենը Ադրբեջանի իշխանությունները կազմակերպել են իր հոդվածների համար, սակայն դատավորը թույլ չի տվել նրան ավարտել խոսքը և ընդհատել է դատը:
Վաղը՝ սեպտեմբերի 1-ին, դատարանը «կհրապարակի դատավճիռը»:
Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանի և «Meydan TV»-ի թղթակից Հ. Իսմայլովայի դեմ մի քանի քրեական գործեր են հարուցվել: Նրան մեղադրում են մարդուն ինքնասպանության հասցնելու, անօրինական ճանապարհով խոշոր չափի գումար յուրացնելու և վատնելու, անօրինական ձեռնարկատիրություն ծավալելու, լիազորությունները չարաշահելու մեջ:
Դատախազ Ռամազան Հադիևը պահանջել էր Իսմայլովային դատապարտել 9 տարվա ազատազրկման: