Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի հանձնարարությամբ վարչական շրջանում երթևեկությունը դառնում է անվտանգ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դավիթաշեն վարչական շրւջանի գերեզմաններին հարող նորակառույց ճանապարհին վերջին տարիներին հաճախակի են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ: Որոշ դեպքերում դրանք ունեցել են ողբերգական ավարտ:
Նշված հատվածում բացակայում են երթևեկությունը կարգավորող նշանները, արտաքին լուսավորությունը, մի երկար հատված էլ ոլորանապտույտ է, որտեղ լցված են ապառաժ քարեր, հողաթմբեր, ինչը վարորդների համար դժվարանցանելի է և տեսանելիության բացակայության պատճառով տեղի են ունենում ավտովթարներ:
Այսօր՝ հուլիսի 15-ին, Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հանձնարարությամբ հատուկ տեխնիկայով նշված հատվածում աշխատանքներ էին սկսել Դավիթաշեն վարչական շրջանի կոմունալ ծառայության աշխատակիցները: Տրակտորով հեռացրեցին ապառաժ քարերը, հողաթմբերը հավասարեցրին, ինչից հետո տեսանելիությունը ոլորանապտույտ այդ հատվածում կարգավորվեց:
Առաջիկայում թաղապետի միջնորդությամբ նշված հատվածում Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ կտեղադրվեն երթևեկությունը կարգավորող նշաններ և կլուծվի արտաքին լուսավորության հարցը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի