1007 դիտում
18:24 18-06-2015
Դատավորների և դատախազների համար անցկացվում է ՀՀ-ում պրոբացիայի ծառայության ներդրման վերաբերյալ եռօրյա սեմինար-քննարկում
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի աջակցությամբ Աղվերանում հունիսի 17-ից դատավորների և դատախազների համար անցկացնում է ՀՀ-ում պրոբացիայի ծառայության ներդրման վերաբերյալ եռօրյա սեմինար-քննարկում:
Քննարկումը վարող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, բացման խոսքում թվարկելով քննարկման նպատակներն ու կարևորությունը, մասնակիցների ուշադրությունը հրավիրել է պրոբացիայի ծառայության կայացման գլխավոր գործոնին՝ համապատասխան կամքի առկայությանը:
Նա նշել է, որ ծառայության ներդրումից հետո անհրաժեշտ է բոլոր օղակների ակտիվ փոխգործակցությունը և յուրաքանչյուրի
պատրաստակամությունը՝ դրա կայացմանը նպաստելու գործում: Խոսելով պրոբացիայի ներդրման անհրաժեշտությունից՝
Քրմոյանը մի շարք օրինակներ է բերել, որոնք ևս մեկ անգամ ամրապնդում են հարցադրումը՝ «Արդյո՞ք մարդուն ազատազրկելով հասնում ենք պատժի հիմնական նպատակներից կարևորին՝ ուղղմանը»:
Նախարարի տեղակալի խոսքով՝ ուղղման և կրկնահանցագործության նվազեցման հարցն այսօր չի շրջանցում որևէ երկիր: Հայաստանի համար օրինակելի են բոլոր այն երկրների առաջատար փորձերը, որոնց հաջողվել է պրոբացիայի կիրառմամբ նվազեցնել հանցագործության հակվածության ռիսկայնության աստիճանը:
Սուրեն Քրմոյանը մասնակիցների ուշադրությունը հրավիրել է մի վիճակագրության, որի համաձայն՝ մեր երկրի քրեակատարողական հիմնարկներում կան ազատազրկվածներ, որոնք դատապարտված են 10 և ավելի անգամ նույն բնույթի արարքը կատարելու համար: «Գուցե պատժելով վերականգնում ենք արդարությունը, բայց վտանգը հասարակության հանդեպ
մնում է»,- նշել է նախարարի տեղակալը:
Ներկայացնելով ՀՀ-ում պրոբացիայի ծառայության ներդրման հայեցակարգը՝ քննարկման բանախոս, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ ծառայության կիրառման դեպքում անձը պատիժը կրելու է ոչ թե ազատազրկման վայրում, այլ՝ համայնքում: Անդրադառնալով պրոբացիայի ծառայության վերաբերյալ փաստաբանական համայնքի վերաբերմունքին՝ Հովհաննիսյանը նշել է, որ պատժողական արդարադատությունից վերականգնողական արդարադատության անցնելու անհրաժեշտություն կա:
Քննարկման նախաձեռնող անդամ, ԵԽ «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության ստեղծմանը» ծրագրի ղեկավար Հայկ Խեմչյանն էլ կարևորել է մասնակիցների կարծիքներն ու առաջարկությունները Պրոբացիայի և պրոբացիայի ծառայության մասին օրենքի նախագծում ներառելու և օրենքի նախագծում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու համար: Այս իմաստով կարևոր նշանակություն է ունեցել ԵԽ միջազգային փորձագետ Մարտին Սեդոնի ելույթը, որում անդրադարձել է եվրոպական պրոբացիոն մեթոդներին և որոշ օրինակների միջոցով հարցադրումներ է արել վաղաժամկետ ազատման մեթոդի առավել հաճախ կիրառման հիմքերի և անհրաժեշտության
մասին:
Ծավալված ակտիվ քննարկման մասնակիցները հայտնել են տարբեր կարծիքներ: Հիմնականում ողջունելով ծառայության անհրաժեշտությունը՝ դատավորները հետաքրքրվել են ծառայության համար անհրաժեշտ տվյալների բազայի ստեղծման և վարման հարցերով՝ բարձրացնելով անձնական տվյալների գաղտնիության ապահովման երաշխիքների խնդիրները: Չբացառելով գործնականում առաջացող հնարավոր խնդիրները՝ դատավորները զուգահեռներ են անցկացրել գործնականում քիչ կիրառվող այլընտրանքային պատժատեսակների և պրոբացիայի միջև:
Դատախազներին հետաքրքրել է պրոբացիոն ծառայության աշխատակիցների նկատմամբ իրականացվելիք վերահսկողության մեխանիզմները և այլընտրանքային պատիժների իրականացման կարգը: Ներկայացվել են նաև որոշ մտահոգիչ հարցեր, որոնց
բանախոսները տվել են սպառիչ պատասխաններ:
Հանդիպմանը կարևորվել է օրենքի մշակման ավարտական փուլում մասնակիցների առաջարկությունների ներգրավման հնարավորությունը:
Բանախոսները ներկայացրել են նաև պրոբացիայի կիրառման 2 պիլոտային ծրագրի մանրամասները՝ նշելով, որ դրանք հնարավորություն կտան հասկանալու և շտկելու պրակտիկայի ընթացքում առաջացող բացթողումները: Նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշել է, որ պրոբացիոն ծառայության ներդրումը նոր ինստիտուտ է Հայաստանի համար, ուստի Արդարադատության նախարարությունն ունի հնարավոր բոլոր առաջացող խնդիրները լուծելու առաքելություն՝ միաժամանակ անթույլատրելի համարելով կանխակալ կարծիքներով առաջնորդվելը: Ներկայացնելով նախարարության մոտեցումները՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ պրոբացիայի վերջնական ներդրմամբ 10 անգամ կրճատվելու են դատապարտյալների պահման ծախսերը, որոնք սկզբնական փուլում կուղղվեն շենքային պայմանների բարելավման և տեխնիկական հագեցվածության աշխատանքներին:
Սեմինարի մասնակիցները միակարծիք են եղել, որ պրոբացիայի ծառայության կայացման հարցում անհրաժեշտ է դատաիրավական, իրավապահ ոլորտի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ հանձնառությունն ու համագործակցությունը:
Նմանատիպ նյութեր
1220 դիտում
18:36 21-10-2015
Քննարկման սեղանին է դրվել «Պրոբացիայի և պրոբացիայի պետական ծառայության մասին» ՀՀ օրենքի հիմնադրույթները
1252 դիտում
20:41 07-07-2015
Պրոբացիայի վերաբերյալ սեմինար՝ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի աշխատակիցների համար
Այս բաժնից
1243 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1294 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով