211652_close_icon
views-count1245 դիտում article-date 17:21 12-06-2015

Սպանությունը չի կարող երկար թաքնվել. ճշմարտությունը, ի վերջո, կպարզվի. Հայկական ծագմամբ ամերիկյան արձակագիր Քրիս Բոջալյան

Հայկական ծագմամբ ամերիկյան արձակագիր Քրիս Բոջալյանը ներկայացնում է իր մտորումները Փոքր Ասիայում հայկական գոյության պատմական իրականության և Արևմտյան Հայաստան կատարած իր ճանապարհորդության վերաբերյալ: The Armenian Weekly-ն հրապարակել է նրա հոդվածը, որը ներկայացնում ենք ստորև. «Մարտ ամսվա ընթացքում ես 3 օր եմ անցկացրել «Պատասխանատվություն-2015» համաժողովին, որը նվիրված էր Հայոց ցեղասպանությանը և անց էր կացվում Մանհեթենում Հայ հեղափոխական դաշնակցության հովանավարությամբ: Արդեն վերջին օրվա ավարտին ես միանգամից ոգևորվել էի: Ինձ ոգևորել էր արվեստագետների և ակտիվիստների խանդավառությունը, և ես հոգեպես ճնշվել էի այն իրականությունից, որ այդ երեք օրվա ընթացքում պատկերացնում էի. եկող ամիս պետք է սկսվեր մեկ դար առաջ տեղի ունեցած Ցեղասպանության հիշատակումը: Անհնար էր չմտածել Արևմտյան Հայաստան այցիս մասին և այն մասին, թե ինչ եմ ես տեսել այնտեղ: Ես այցելել էի Վան, Խարբերդ, Դիարբեքիր: Ես այցելել էր Չնքուշ, Դուդան և Դիգոր (Տեկոր): Տեկորը հաճախ նշված չէ անգամ այնպիսի քարտեզների վրա, որոնց մենք՝ հայ ուխտավորներս, օգտագործում ենք մեր ճանապարհորդությունների ընթացքում դեպի մի աշխարհ ուղևորվելիս, որը ժամանակին մերն էր: Դա հիմնականում քրդերով բնակեցված, 2500 բնակչությամբ գյուղ էր: Սակայն այն հեռու չէ Անիից: Իսկ հայկական սահմանից 20 մղոն հեռավորության վրա է: Այնտեղ է եղել այս թերթի խմբագիր Նանոր Բարսումյանը, նաև նրա նախորդը՝ Խաչիկ Մուրադյանը: 1950-ականներին թուրքական զինվորականների մի խումբ ուղևորվել էր դեպի Դիգորի արևմտյան տարածքներ, ռումբ տեղադրել 5 միջնադարյան եկեղեցիներում, որոնք միասին կազմում էին Խծկոնք հայկական վանական համալիրը: Ապա պայթեցրել էին դրանք: Բայց ոչ բոլոր եկեղեցիներն էին ոչնչացվել: Ես լսել էի, որ այդ հինգ եկեղեցիներից մեկը՝ Սուրբ Սարգիսը, դեռ հպարտ կանգուն է: Բոլորս գիտենք այն սարսափելի հեռավորությունը, թե ուր կարող է հասնել Թուրքիան, միայն թե ժխտի Ցեղասպանությունը: Մենք գիտենք, որ կառավարությունը պաթոլոգիկ է, մենք գիտենք, որ այն արհամարհանքով է վերաբերվում Օսմանյան վարչակարգի գործած մեղքին, Թուրքիայի ստալինյան վարքագիծը՝ վերասրբագրելու պատմությունը ստի և սպառնալիքների միջոցով: Սակայն եթե դուք ցանկանաք ինքներդ տեսնել այն հեռավորությունը, որտեղ հասել է կառավարությունը՝ հերքելով այստեղ հայերի ներկայության պատմական իրականությունը, այցելեք Սբ.Սարգիս: Ես այնտեղ էի անցյալ ամառ ընտանիքիս հետ: Սբ.Սարգիս եկեղեցին այդքան էլ հեշտ չէ գտնելը: Վանական համալիրը Դիգորից 8 մղոն հեռավորության վրա է, սակայն այն թաքնված է զզարիթափ կիրճի ներքևում: Մենք կարողացանք գտնել այն, որովհետև մեզ հետ էր Խաչիկը, որը գիտեր Դիգորի քաղաքապետին, որն էլ, իր հերթին, մեզ գյուղացի ուղեկից էր տրամադրել: Մենք բարձրացանք ամայի բլուրների վրայով, նայեցինք ներքև և ահա այն՝ Սուրբ Սարգիսը: Եկեղեցու կենտրոնական մասը և հայկական գմբեթը, չնայած պատերում եղած մեծ անցքերին, փրկվել էին պայթյունից: Ես հիշում եմ՝ ինձ հետաքրքիր էր, երբ ես մագլցում էի մի քանի հարյուր ոտնաչափ ու խորը կիրճում գլխապտույտ առաջացնող ակոսները, արդյո՞ք թուրք զինվորներն իջեցնում էին այդ ռումբերը հատուկ պարաններով և հարմարանքներով, թե՞ նրանք տանում էին դրանք իրենց արկղերով: Ակնհայտ է, որ նրանց շատ ռումբեր պետք կգային. ես տեսել եմ 5 եկեղեցիների համալիրի սև-սպիտակ լուսանկարները: Եկեղեցիները կառուցվել են 11-13-րդ դարերում: Ես շատ հայկական ավերակներ եմ այցելել պատմական Հայաստանում, գուցե 30 կամ 40 տարբեր վանքեր և եկեղեցիներ այն վայրերում, որտեղ շատերը նույնիսկ չէին կարողանում գտնել դրանք քարտեզի վրա: Որոշ առումներով, դա նման է շոտլանդական ամրոցում կամ էլ հնագույն Հռոմ քաղաքում հայտնվելուն: Հոգին զարմանում է անցյալի վրա, և մենք սկսում ենք մտածել մեր կյանքի կարճատևության մասին: Այսօր որմնաքարերի մեծ մասն անհետացել է: Փշոտ թփուտներն ու հողը հետզհետե թաղում են փշրված քարերը, ինչպես մատուռների պատերը, որոնք պայթեցվել էին և տարածվել մոտակա ճեղքերում: Ցանկացած ցեղասպանության վերջին փուլը հերքումն է: Երկրից հայերի էթնիկ զտումները բավարար չէին, կարևոր էր ոչնչացնել ցանկացած հետք, որը կվկայեր նախկինում այստեղ նրանց գոյության մասին, նույնիսկ մի կիրճում, որը, կարծես, գոյություն էլ չունի: Ես և կինս ենթադրում ենք, որ Սուրբ Սարգիս եկեղեցու կանգուն մնալու միակ պատճառն այն է, որ զինվորների ռումբերը վերջացել էին, և աշխատանքը վերջացնելու համար այստեղ վերադառնալը բարդ կլիներ: Սակայն, ինչպես ասում էր Շեքսպիրը՝ «ճշմարտությունը կպարզվի»: Ամբողջ մեջբերումն անգամ առավել տեղին է այս պարագայում. «Ճշմարտության վրա լույս կծագի, սպանությունը չի կարող երկար թաքնվել… ճշմարտությունը, ի վերջո, կպարզվի»: Իսկապես, սպանությունը չի կարող երկար թաքնված մնալ: «Պատասխանատվություն-2015»-ի վերջում ես ուժասպառ էի, բայց ես նաև համոզված էի, որ մենք՝ հայերս, հաղթում ենք: Մենք իսկապես հաղթում ենք: Մինչ մեր այդքան շատ նախնիների ձայները լռեցված էին, նրանց սերունդները խոսում են ավելի խանդավառորեն և ազդեցիկ, քան երբևէ: «Երկար»-ը շատ տեղին եզր է: Դարը, երկրաբանական եզրաբանությամբ, ոչինչ է՝ մի ակնթարթ: Դուք կարող եք պայթեցնել վանքը, բայց չեք կարող ահաբեկել ճշմարտությունը»:

Նմանատիպ նյութեր