211652_close_icon

Գարշահոտ վիճակ՝ Երևանի Կոստան Զարյանի անվան դպրոցին հարակից փողոցում. մոտ 1 կմ-անոց ճանապարհը լցված է կեղտաջրով. գարշահոտը հասնում է նույնիսկ դասասենյակներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1225 դիտում article-date 10:50 17-10-2025
Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանն ու «Վեոլիա ջուր» ընկերության պատասխանատուն վերջին ամիսներին, կարծես թե, միայն դատարկ խոստումներ են տալիս, երբ ահազանգեր են ստանում, որ մայրաքաղաքի այսինչ վարչական շրջանի այսինչ փողոցում դիտահորերի խցանման պատճառով կեղտաջուրը դուրս է գալիս ու ամբողջ տարածքում տիրում է գարշաոտություն ու հակասանիտարական վիճակ:
 
Սույն պարոնները ամեն անգամ կուրծք ծեծելով հայտարարում են, թե իրենք սրտացավ մոտեցում են ցուցաբերում բնակիչների՝ տվյալ դեպքում՝ սպառողների նկատմամբ և ամեն ինչ անում են, որպեսզի բնակիչներին անհարմարություններ չպատճառվի, հրատապ կարգով աշխատանքներ են իրականացնում, որը ցավոք, շատ դեպքերում իրականության հետ աղերս չունի:

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, հերթական անգամ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ֆանարջյան փողոցում կեղտաջրերը դիտահորից դուրս են գալիս և հոսում ճանապարհով մեկ՝ անհարմարություններ ստեղծելով այդ վայրում գտնվող Երևանի Կոստան Զարյանի անվան թիվ 117 հիմնական դպրոցի և հարևանությամբ գտնվող մեծ թվով սեփական տների բնակիչների համար: 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. 

«Քանի տարի է՝ էս գարշահոտ, հակասանիտարական վիճակն է: Քանի տարի է՝ կեղտը դիտահորերից դուրս է գալիս ու հոսում մի քանի կիլոմետր շառավղով: Մեռանք զանգելով Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, «Վեոլիա ջուր», բայց ոչ մի դրական պատասխան: 
 
Եթե առաջ գոնե պատասխանում էին մեր զանգերին, հիմա նույնիսկ չեն էլ պատասխանում: 
Երևի մեր համարները իրենց մոտ ֆիքսված ա, տեսնում են՝ մենք ենք, չեն պատասխանում: Մենակ մեր բազմաթիվ զանգերին արձագանքել է և ինչ հնարավոր է եղել, արել է՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը:
 
Նույնիսկ 4-5 անգամ իր միջոցներով է խնդիրը լուծել: 

Մաքրել է տվել դիտահորերը, ճանապարհն է հատուկ քսանյութերով լվանալ տվել ու որոշ ժամանակ անց նորից դիտահորերից կեղտը դուրս է թափվել:
 
2 օր ա՝ էս ահավոր վիճակն ա, երեխաները դասի են գալսի էս կեղտաջրի միջով:
 
Էլ չենք ասում, որ հոտը մինչև դասասենյակներ զգացվում է: 

Չգիտենք, էլ հույն չունենք ո՛չ Երևանի քաղաքապետարանից, ո՛չ «Վեոլիա ջրից»:
 
Մեկա՝ երկուսն էլ ասես ձեն-ձենի տված լինեն ու չեն էլ փորձում հարցը լուծել:
 
Էս գարշահոտ, հակասանիտարական վիճակը ինչքան ա պահպանվելու՝ մենք էլ տեղյակ չենք»:
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր