211652_close_icon

Որքան թոշակ են ստանում նախկին նախագահներն ու ԱԺ պատգամավորները․ Hetq.am

views-count862 դիտում article-date 22:15 17-10-2025
2025թ․-ի 9 ամսվա ընթացքում պետական բյուջեի միջոցներից ՀՀ նախկին նախագահների կենսաթոշակների վճարման համար հատկացվել է մոտ 31 միլիոն 450 հազար դրամ։ Այս մասին գրում է Hetq.am-ը։

Այս պահին կենսաթոշակ է ստանում 3 նախկին նախագահ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փոխանցած տվյալներով՝ նրանց յուրաքանչյուրի ամսական կենսաթոշակը 1 միլիոն 164 հազար 800 դրամ է։

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանվում է, որ պաշտոնաթող նախագահի համար, բացառությամբ պաշտոնանկության դեպքի, նշանակվում է հատուկ կենսաթոշակ` Հանրապետության նախագահի` օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափով:

«Հետքի» հարցմանն ի պատասխան նախարարությունը չի նշում, թե նախկին 4 նախագահներից, ով չի ստանում թոշակ, քանի որ հարցը պարունակում է երրորդ անձի անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություններ։ 

Օրենքը նախատեսում է, որ կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ ստանալու իրավունք ունի, եթե օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել է կենսաթոշակ նշանակող մարմին, և նրան նշանակվել է կենսաթոշակ:

Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ կենսաթոշակի համար չի դիմել 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը, քանի որ վերջինս հրաժարական տալուց հետո Հայաստան չի վերադարձել։

Նույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ կենսաթոշակի իրավունք ունի առնվազն մեկ սահմանադրական ժամկետ Ազգային ժողովի պատգամավորի պաշտոն զբաղեցրած … անձը՝ 65 տարին լրանալու դեպքում։

Ազգային ժողովի նախկին պատգամավորներից այս պահին կենսաթոշակ է ստանում 189-ը: Պատգամավորների միջին ամսական թոշակը, ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, մոտ 190 հազար դրամ է։ 

Պատգամավորական ամենացածր թոշակը 157 հազար դրամ է, 4.4 անգամ բարձր Հայաստանում սահմանված նվազագույն՝ 36 հազար դրամ թոշակից։ Ամենից շատ թոշակ ստացող պատգամավորը նվազագույն թոշակից մոտ 10 անգամ ավել թոշակ է ստանում՝ 356 հազար դրամ։ 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր