882 դիտում
14:45 29-04-2015
Կայացավ «Տաթև» ազգային պարկի և Կենսաբազմազանության պահպանության համայնքային մոդելների ստեղծման ծրագրերի քննարկման առաջին հանդիպումը
Երևանում այսօր տեղի է ունեցել «Տաթև» ազգային պարկի և Կենսաբազմազանության պահպանության համայնքային մոդելների ստեղծման ծրագրերի քննարկման մեկնարկային աշխատանքային հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին շահագրգիռ տարբեր կառույցների՝ պետական մարմինների, մարզային իշխանությունների, հասարակական և բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ծրագրերի հիմնական նպատակն է Տաթևի տարածաշրջանում ստեղծել ազգային պարկ, որը կապահովի տարածքի էկոհամակարգերի և հարուստ կենսաբազմազանության պահպանությունը։ Ծրագրերի շրջանակում կիրականցվեն նաև աշխատանքներ «Սատանի կամուրջ» բնության հուշարձանի բարեկարգման և կառավարման բարելավման ուղղությամբ։
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ողջունելով հյուրերին և բարձր գնահատելով նոր ազգային պարկի ստեղծման նախաձեռնությունը, նշել է. «Նախատեսվող «Տաթև» ազգային պարկի տարածքը բնութագրվում է հարուստ և եզակի մշակութային և բնական ժառանգության վայրերով, ինչի շնորհիվ տարածքը դարձել է Հայաստանում զբոսաշրջության առանցքային վայրերից մեկը: Ազգային պարկի ստեղծումը ոչ միայն կապահովի այդ տարածքի էկոհամակարգերի և հարուստ կենսաբազմազանության պահպանությունը, այլ նաև կխթանի զբոսաշրջության հետագա զարգացումը, ինչպես նաև կնպաստի հարակից համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը: Հաջողություն մաղթելով ծրագրերի իրականացմանը` ցանկանում եմ հավաստիացնել, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը պատրաստ է արդյուանվետ համագործակցել ծրագրերի իրականացման հետ կապված բոլոր հարցերում»:
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի տնօրեն Արմեն Գևորգյանը, կարևորելով այս ծրագրի նշանակությունը IdeA-ի համար, նշել է, «Հիմնադրամը փորձում է Հայաստանում և Արցախում իրականացվող բոլոր ծրագրերն անպայման զուգակցել բնապահպանական բաղադրիչի հետ: Այդ իմաստով, այս ծրագիրն առաջինն է մեզ համար, և կարևորում ենք դրա հաջող իրականացումը»: Նա նկատել է, որ բացառիկ համագործակցության ձևաչափ է ստեղծվում, երբ հասարակական կազմակերպությունները, պետական մարմինների, տեղական և տարածքային կառավարման մարմիների հետ, միջազգային կազմակերպությունների աջակցությամբ նման ծրագրեր են կյանքի կոչում: «Համոզված եմ, որ այս ձևաչափը կարող է օրինակ ծառայել տարածաշրջաններում նմանատիպ ծրագրեր իրականացնելու համար»,- ընդգծել է նա:
Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերը նշելով, որ Գերմանիայի կառավարությունն աջակցում է ծրագրերի իրականացմանը, գոհունակություն է հայտնել, որ բացի կենսաբազմազանության պահպանությունից, ծրագիրը նաև նպաստելու է համայնքների զարգացմանը: Նա հետագա հաջողություններ է մաղթել ծրագրի իրականացմանը՝ կարևորելով ներգրավված բոլոր կողմերի միջև սերտ համագործակցությունը:
WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը, շնորհակալություն հայտնելով «Տաթև» ազգային պարկի ստեղծման նախաձեռնությանն աջակցող բոլոր կազմակերպություններին, իր ելույթում նշել է. «Հարավային Հայաստանը կենսաբազմազանության տեսանկյունից հանրապետության ամենահարուստ տարածաշրջանն է: Ծրագրի գործողությունները պլանավորված է իրականացնել Հայաստանի երկու ուշագրավ տարածքներում` դիտարժան Որոտանի կիրճի շրջակայքում և Վայոց Ձորի լեռներում, որտեղ տեղակայված է երկրի բնական և մշակութային հարուստ ժառանգություն: Համայնքային բնապահպանական տարածքների ստեղծումը կօգնի հակազդելու բնական ռեսուրսների անկայուն օգտագործման բացասական հետևանքներին, ՀԲՏ-ի մոդելները կմշակվեն` հիմք ընդունելով էկոհամակարգային ծառայությունները, որոնք հանգեցնում են կենսաբազմազանության պահպանմանը և տեղական համայնքների լրացուցիչ եկամտի աղբյուրներին` արդյունավետ կառավարվող պահպանվող տարածքների, էկոտուրիզմի, ապրանքների մշակման և շուկայահանման, արոտավայրերի և կենսամիջավայրերի մասնակցային կառավարման միջոցով»:
Կարեն Մանվելյանի և «Կենսաբազմազանության պահպանության համայնքային մոդելների ստեղծում» ծրագրի համակարգող Վասիլ Անանյանի կողմից ծրագրերի մանրամասները ներկայացնելուց հետո, շահագրգիռ քննարկում է տեղի ունեցել մասնակիցների միջև:
Ծրագրերի շրջանակներում նախատեսվում է Տաթև համայնքում հիմնել տեղական արտադրանքի մթերման, պիտակավորման, փաթեթավորման և պահեստավորման կետ, որը կհագեցվի անհրաժեշտ սարքավորումներով, կստեղծվեն էկոտուրիզմի ենթակառուցվածքներ, այդ թվում՝ տեղեկատվական կենտրոն Տանձատափ համայնքում:
Ծրագրերը ֆինանսավորում են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամն ու Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ) և իրականացվելու են WWF-Հայաստանի կողմից՝ սերտորեն համագործակցելով ՀՀ բնապահպանության նախարարության հետ։
Նմանատիպ նյութեր
1454 դիտում
19:01 18-12-2014
«Դիլիջան» ազգային պարկի պահպանության բաժնի կողմից հայտնաբերվել է խախտման 7 դեպք
2462 դիտում
23:16 08-09-2021
Հրկիզել են «Դիլիջան ազգային պարկի» պահպանության ծառայության ղեկավարի մեքենան
Այս բաժնից
952 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան