211652_close_icon
views-count1213 դիտում article-date 22:22 20-04-2015

«Մշակութային եղեռն-խաչքարերի խորհուրդը» խորագրով ցուցահանդես՝ բաց երկնքի տակ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի և քաղաքապետի տեղակալների հետ միասին ներկա է գտնվել մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջնամասի այգում «Մշակութային եղեռն-խաչքարերի խորհուրդը» խորագրով բացօթյա ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը: Երևանի քաղաքապետարանի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված ցուցահանդեսի շրջանակում հանրությանն են ներկայացվել կորուսյալ, ոչնչացված 13 խաչքարերի կրկնօրինակները, որոնք վերարտադրել է ժամանակակից խաչքարագործ Արտակ Համբարձումյանը՝ հենվելով հայ վարպետների դարավոր ավանդույթների վրա: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հուշարձանագետ, պատմաբան Սամվել Կարապետանի ուղեկցությամբ շրջել և ծանոթացել է ներկայացված խաչքարերին: Ցուցահանդեսի շրջանակում խոսուն լուսանկարներով ներկայացվել է նաև Հայոց վանքերի ու բերդերի նախկին և ներկա տեսքերի մի քանի պատառիկ: Վերոնշյալ լուսանկարները տրամադրվել է հուշարձանագետ, պատմաբան Սամվել Կարապետյանի կողմից: Իսկ խաչքարերի բնօրինակների լուսանկարներն էլ տրամադրվել է հայագետ-նախիջևանագետ Արգամ Այվազյանի կողմից: Միջոցառման կազմակերպիչներն առանձնակի շեշտադրել են, որ 1915 թվականին Արևմտյան Հայաստանում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը զուգահեռ թուրքական կառավարությունը կանխամտածված և ծրագրավորված ոչնչացնում էր նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները՝ եկեղեցիներ, վանքեր, միջնադարյան հազարավոր ձեռագիր մատյաններ, զարդարվեստի բացառիկ նմուշներ և այլն: Ներկաներին ուղղված իր խոսքում Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր քաղաքապետարանի հետ համատեղ իրականություն դարձրեցին ցուցահանդեսի կյանքի կոչումը, ընդգծել է, որ բաց երկնքի տակ ներկայացված այս ցուցահանդեսը յուրօրինակ կոչ է՝ ուղղված մշակութային եղեռնի դատապարտմանը: «Մշակութային եղեռն-խաչքարերի խուրհուրդը» խորագրով ցուցահանդեսը կգործի մինչև այս տարվա հոկտեմբեր ամիսը:

Նմանատիպ նյութեր