211652_close_icon
views-count1675 դիտում article-date 21:04 18-10-2026

Խոշոր հրդեհ Արտաշատում` նախկին շրջկոպի չշահագործվող շինությունում․ կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից․ ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ․ Արտաշատի քաղաքապետի հանձնարարականով տեղում են քաղաքապետարանի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Մամուշյան փողոցում՝ տպարանի հարևանությամբ, հրդեհ է բռնկվել նախկին շրջկոպի պահեստի չշահագործվող շինության ներսում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Արթուր Կոծինյանի, Սահակ Թադևոսյանի և օրվա պատասխանատու վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Տիգրան Գալստյանը և Աղաբեկ Մինասյանը։

Դեպքի մասին տեղեկանալով՝ Արտաշատ խոշորացված համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի հանձնարարականով դեպքի վայր են ժամանել քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները։

Հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ նախ կանխել են հրդեհի տարածումը, ապա մարել այն։ Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, և պարզվում են հանգամանքները։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր