870 դիտում
20:01 20-04-2015
Էդվարդ Նալբանդյանի հոդվածը՝ «Politique Internationale» հանդեսի հատուկ համարում
Մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը շարունակում է մնալ հրամայական
Շրջադարձային փոփոխությունների ժամանակակից աշխարհում միջազգային հանրությունը և առանձին պետություններ հաճախ չեն կարողանում լուծում տալ այնպիսի խնդիրների, որոնք առաջին հայացքից թեև ոչ հրատապ են թվում, սակայն դրանց լուծմանը խիստ կարևոր նշանակություն է տրվում:
Ցեղասպանության կանխարգելումը նման խնդիրներից մեկն է: 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած հայ ազգը բարոյական պատասխանատվություն է զգում մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերում իր ներդրումն ունենալու հարցում: Մենք շարունակելու ենք գործադրել մեր առավելագույն ջանքերն այդ նպատակով:
Ցեղասպանության կամ դրա սպառնալիքի կրկնությունը շրջված էջ չէ մարդկության համար: Ցեղասպանության կանխարգելումը մշտապես պահանջում է քաղաքակիրթ աշխարհի հետևողական ուշադրությունը և առավելագույն ջանքերը՝ առանց ստորադասելու այդ վեհ մարդասիրական խնդիրը որևէ աշխարհաքաղաքական հաշվարկի:
Ոչ ոք չի կարող ապահով զգալ, քանի դեռ աշխարհի ինչ-որ վայրում մի ամբողջ էթնիկ խմբի բնաջնջման փորձեր են արվում: Պետք է նախապես ձեռնարկվեն բոլոր միջոցները՝ առաջին հերթին կանխելու ցեղասպան միջավայրի վերաճումը բռնության անդառնալի գործողությունների:
Հայոց ցեղասպանության մասին վկայություններ կարելի է գտնել աշխարհի ցանկացած անկյունում, մասնավորապես այնտեղ, որտեղ հայեր են ապրում: Հայ ժողովուրդն անցավ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած այդ ողբերգության սարսափների միջով: Փորձ արվեց միլիոնավոր հայերի զրկել ինչպես կյանքից, այնպես էլ՝ անցյալից` ավերելով հազարավոր մշակութային և կրոնական հուշարձաններ: Ցեղասպանությունից փրկվածները արտաքսվեցին դարեր շարունակ իրենց կողմից բնակեցված հողերից:
Հայոց ցեղասպանությանը ներհատուկ կողմերից մեկը Օսմանյան կայսրության կողմից գերտերությունների հանդեպ ուղղակի ստանձնած միջազգային պարտավորությունների առկայությունն էր. «առանց հետագա հապաղման իրագործելու հայաբնակ մարզերում տեղական կարիքներից բխող բարելավումներն ու բարեփոխումները և ապահովելու հայերի անվտանգությունը»[i], որն ամրագրվել էր 1878թ. Բեռլինի կոնֆերանսում: Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ շարունակական հալածանքների պայմաններում հայերի դրությունը բարելավելու փոխարեն՝ աշխարհն ականատես եղավ հայերի հալածանքներին և ջարդերին: Ցեղասպանությունից առաջ ամենալայնամասշտաբ կոտորածը տեղի ունեցավ օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի օրոք՝ 1894-1896թթ., երբ շուրջ 300.000 հայեր սպանվեցին, ինչպես նաև 1909թ. երիտթուրքերի իրականացրած Ադանայի ջարդի ընթացքում, երբ շուրջ 30.000 հայեր կոտորվեցին:
Այն ժամանակ ոչ մի արդյունավետ միջոց չկիրառվեց՝ կոտորածներն իրականացնողներին արդարադատության առջև կանգնեցնելու համար: Անպատժելիության մթնոլորտը հանգեցրեց սարսափելի՝ շուրջ 1.5 միլիոն հայերի կոտորածին, ինչի իրականացումը քողարկելու նպատակով Առաջին համաշխարհային պատերազմը «հարմար առիթ» հանդիսացավ: Այսպիսով, Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականությունը շարունակվեց ավելի քան քառորդ դար և իր գագաթնակետին հասավ հայերի կողմից «Մեծ Եղեռն» կոչված աղետի ժամանակ:
Առաջին անգամ մեծ տերությունները միասնական հայտարարությամբ կոտորածներին անդրադարձան 1915թ. մայիսի 24-ին, երբ Անտանտի տերությունները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, հատուկ հռչակագիր ընդունեցին, որով զգուշացնում էին հայերի նկատմամբ վայրագություններ իրականացնողներին, որ նրանք անհատական պատասխանատվություն կկրեն «մարդկության և քաղաքակրթության դեմ Թուրքիայի իրագործած այս նոր հանցագործությունների համար»: Սա առաջին դեպքերից էր, երբ միջազգային մակարդակով օգտագործվեց «մարդկության դեմ հանցագործություն» եզրույթը՝ հանգեցնելով վերջինիս հետագա լրամշակմանը՝ որպես ժամանակակից իրավական համակարգի անբաժան հասկացություն: 1929թ. Ուինսթոն Չերչիլը բնութագրեց հայերի կոտորածը՝ որպես «հոլոքոստ»՝ հավելելով, որ «այս հանցագործությունը պլանավորվել և իրականացվել էր քաղաքական նպատակներով. ի հայտ էր եկել հնարավորություն՝ մաքրելու թուրքական հողը քրիստոնյա ռասայից»[ii]:
Ներկայումս թուրքական պաշտոնական պատմությունն իր ընկալումը ներկայացնում է որպես «արդար հիշողություն», որին պետք է համապատասխանեն մյուս ժողովուրդների հիշողությունները: Սա ոտնձգություն է ընդդեմ թե՛ հիշողության, թե՛ պատմության: Պատմության ուսումնասիրությունը տուժում է, երբ հիշողությունն ընտրովի է ներկայացվում, երբ «հայկական ռասայի կազմակերպված սպանությունը»[iii] ներկայացվում է որպես վերապրածների ժառանգների երևակայական հիշողություն: Փաստացի, Հայոց ցեղասպանությունը հայ ժողովրդի և, ընդհանուր առմամբ, մարդկության պատմության, ներառյալ՝ մահմեդական աշխարհի, հիշողության մի մասն է: Հայոց ցեղասպանության ամենավաղ հիշատակումներից մեկը պատկանում է մահմեդական ականատես Ֆայեզ Էլ-Ղոսեյնին[iv], ով 1916թ. հրապարակեց «Կոտորածներ Հայաստանում» վերնագրով իր աշխատությունը: Մեքքայի շարիֆ Հուսեյն Իբն Ալի ալ Հաշիմին[v] այն ճանաչված իսլամական առաջնորդներից էր, ով դեմ էր հայերի բնաջնջմանը և իր ենթականերին կոչ էր անում պաշտպանել հայերին այնպես, ինչպես կպաշտպանեին իրենք իրենց և իրենց երեխաներին: 1919-1921թթ. այնպիսի թուրք հասարակական գործիչներ, ինչպիսիք էին՝ Րեֆի Ջևաթը[vi], Ահմեդ Րեֆիք Ալթընայը[vii] և շատ ուրիշներ, անդրադարձան հայերի լայնածավալ կոտորածներին: Մուսուլման բազմաթիվ պատմաբաններ հայերի կոտորածը բնութագրում են որպես ցեղասպանություն, իսկ արաբ պատմաբան Մուսա Բրենսը օգտագործել է «Արմենոցիդ» եզրույթը՝ բնութագրելով այն որպես «ամենացեղասպան ցեղասպանություն»[viii]:
Արաբ հեղինակներ Ֆուադ Հասան Հաֆիզը, Սամիր Արբաշը և ուրիշներ բնութագրել են Հայոց ցեղասպանությունը՝ որպես «20-րդ դարի մարդկության պատմության արյունալի էջ»[ix]:
Հայոց ցեղասպանության անվերապահ դատապարտման և հետևանքների վերացման բացակայությունը դրդեց երիտասարդ լեզվաբան Ռաֆայել Լեմկինին՝ 1921թ. հարցնելու իր դասախոսից, թե ինչու պատասխանատվության չեն ենթարկվել հայոց ողբերգությունն իրագործողների պարագլուխները: Դասախոսն այս հարցին պատասխանեց, որ չկա որևէ օրենք, որով նրանց կարելի լինի հանձնել արդարադատությանը: Հետագայում Լեմկինը որոշեց մասնագիտանալ միջազգային իրավունքի մեջ՝ իր կյանքը նվիրելով մարդկության դեմ հանցագործությունների ուսումնասիրությանը, ինչը, ի թիվս այլոց, ճանապարհ հարթեց 1948թ. Կոնվենցիայի ընդունման համար: Լեմկինը նշում էր, որ նա «ցեղասպանություն» եզրույթը սահմանել է՝ նկատի ունենալով նաև հայերի նկատմամբ իրագործված զանգվածային բնաջնջումը: Շոան էր, որ դրդեց միջազգային հանրությանը՝ կոդիֆիկացնելու ցեղասպանության հանցագործությունը՝ 1948թ. ընդունված Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի միջոցով: Հետագա յոթ տասնամյակները ցույց տվեցին, որ միայն բարի կամքը բավարար չէ՝ նոր ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների իրականացումը բացառելու համար:
20-րդ դարի ցեղասպանությունների մանրակրկիտ վերլուծությունը ցույց է տալիս, որ ցեղասպանություն իրականացնողները տարբեր աշխարհագրական տարածքներում և տարբեր պատմական ժամանակաշրջաններում «բավական հմտացել էին» իրենց մարդասպան նախորդների մարտավարությունները յուրացնելու և նրանցից սովորելու գործում: Երիտթուրքերի՝ Միություն և առաջադիմություն կոմիտեն Թուրքիայում, Գերմանական նացիոնալ-սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը Գերմանիայում, Հուտուների՝ Հանուն ժողովրդավարության ազգային հեղափոխական շարժումը Ռուանդայում, բոլորն օգտագործում էին հատուկ ռազմականացված կազմակերպությունները՝ որպես զանգվածային սպանությունների հիմնական իրականացնողներ: Դրանք էին Թեշքիլաթ Մահսուսեն, Շուցշտաֆելը, Ինտերեհամվեն:[x] Մարդկության դեմ իրականացված այս և այլ հանցագործությունները մի շարք նմանություններ ունեն: Դրանցից են զոհերի հալածանքները, նրանց ունեցվածքի բռնագրավումը, կոտորածների իրականացման ձևերը: Էթնիկ, կրոնական փոքրամասնությունների և այլ խմբերի նկատմամբ բռնաճնշումները ու նրանց մշակութային ժառանգության ոչնչացումը, անհանդուրժողականությունը և դեմոնացումը, սահմանափակ էթնիկ զտումները կարող են հանգեցնել ցեղասպան մթնոլորտի ի հայտ գալուն, ուստի պահանջում են միջազգային հանրության կողմից անհապաղ, անվերապահ և համատեղ կանխարգելիչ ջանքեր:
Մի վայրում ցեղասպանության կանխարգելման ձախողումը պարարտ հող է նախապատրաստում այլ վայրերում դրա կրկնության համար: Այս համատեքստում շատերն են հղում կատարում Հիտլերի` 1939թ. օգոստոսյան արտահայտությանը, երբ նա հռետորական հարց տվեց. «Ո՞վ է այսօր հիշում հայերի բնաջնջման մասին»:[xi]
Ցեղասպանություններն ի հայտ չեն գալիս համաձայն մեկ ընդհանուր մոդելի: Ուստի կանխարգելիչ մեխանիզմներ մշակելու նպատակով մենք պետք է հստակ պատկերացում ունենանք՝ ցեղասպանությունների պատմության, նրանց պատճառների, իրագործման մեթոդների և հետագա զարգացումների վերաբերյալ: Միաժամանակ, մենք պետք է պատրաստ լինենք՝ դասեր քաղելու նախկին սխալներից և դիմագրավելու նոր մարտահրավերներին:
Ժամանակակից հիմնարար փաստաթղթերից մեկը, որն ընդգրկում է ցեղասպանության հանցագործության կանխարգելման հիմնական միջոցները, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 2013թ. մարտի 22-ի Հայաստանի նախաձեռնած բանաձևն է, որը համահեղինակվել է 62 երկրի կողմից: Այն նախատեսում է ցեղասպանության կանխարգելման համար անհրաժեշտ միջազգային միջոցառումների` ցեղասպանության կանխարգելման երեք հենասյուների ձեռնարկում, մասնավորապես՝ վաղ նախազգուշացում, մարդու իրավունքների պաշտպանություն և հանրային իրազեկվածության բարձրացում: Այս հենասյուները ներառում են մի շարք բաղկացուցիչ տարրեր:
Առաջին. բանաձևը նախատեսում է, որ միջազգային հանրությունը պետք է հնարավորինս շուտ բացահայտի ցեղասպանության վտանգը, որպեսզի արագ արձագանքի, քանի դեռ շատ ուշ չէ: Սովորաբար, ցեղասպանություն իրագործողները ձգտում են հնարավորինս երկար ժամանակ թաքցնել իրենց մտադրությունները: Այդուհանդերձ, նրանց համար բավական բարդ է նման ծանր հանցագործության նախապատրաստումը երկար ժամանակ թաքցնել: Հետևաբար, միջազգային հանրությունը և, մասնավորապես, միջազգային կազմակերպությունները պետք է բացահայտեն ցեղասպան մթնոլորտի ակունքները, որոնք հանգեցնում են այս սարսափելի հանցագործությանը, և արդյունավետորեն գործեն՝ կանխարգելման նպատակով:
Վերջին տասնամյակի ընթացքում թե՛ Միավորված ազգերի կազմակերպությունը, թե՛ տարածաշրջանային մարմինները, ինչպես նաև՝ մարդու իրավունքների հարցերով զբաղվող որոշ հասարակական կազմակերպություններ, զգալի առաջընթաց են արձանագրել նախազգուշացման և գնահատման համակարգերի բարելավման գործում: Մենք պետք է անենք հնարավորինը՝ երաշխավորելու, որ այս առաջընթացը շարունակվի նաև առաջիկա տարիների ընթացքում: Վաղ հայտնաբերումը և նախազգուշացումն ինքնին արդյունավետ չեն լինի, քանի դեռ նրանց չեն հետևում զսպման և պաշտպանության հստակ մեխանիզմներ:
Երկրորդ. ցեղասպանության կանխարգելումը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմների համակարգի մի մասն է կազմում: Վերջինս հասարակության մեջ ցեղասպան մթնոլորտի առաջացման հնարավորությունը բացառելու հիմնական և ամենաարդյունավետ միջոցն է: Կայացած իրավական ավանդույթները և բարոյական արժեքները կանգնած են այս սարսափելի հանցագործությունների դեմ պաշտպանության ամենակարևոր գոտում: Ցեղասպանությունն աներևակայելի հանցագործություն է այնպիսի հասարակության համար, որը հիմնված է մարդու իրավունքների պաշտպանության, փոխադարձ հարգանքի, համերաշխության և խաղաղության վրա: Այլ կերպ ասած՝ մարդու իրավունքների պաշտպանության ամուր սովորույթներ ունեցող հասարակության մեջ ցեղասպանությունը մեռելածին է, և հակառակը՝ այնտեղ, որտեղ մարդու իրավունքների պաշտպանությունը տապալվում է, տեղի է ունենում ցեղասպանություն:
Մարդու իրավունքների պաշտպանությունն ու ցեղասպանության կանխարգելումն իրար կապող շղթան էթնիկ, կրոնական և այլ փոքրամասնությունների պաշտպանությունն է: Հիմնականում ցեղասպանություն իրականացնողների գլխավոր նպատակն է էթնիկ փոքրամասնության բնաջնջումը: Նման հանցագործության պատճառ կարող է լինել ցանկությունը՝ կանխելու փոքրամասնություն կազմող խմբի կողմից իր ինքնորոշման իրավունքի իրականացումը: Այսպիսի զարգացումների հավանականությունը բացառելու նպատակով միջազգային հանրությունը պետք է օժանդակություն ցուցաբերի հատկապես բազմաէթնիկ բնակչություն ունեցող պետություններին՝ մարդու իրավունքների և, մասնավորապես, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով:
Ավելին, այնտեղ, որտեղ անհրաժեշտ է, միջազգային հանրությունը պետք է աջակցի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի խաղաղ իրագործմանը: Ինչպես նշում է անկախ փորձագետ Ալֆրեդ-Մորիս դե Զայասը վերջերս ՄԱԿ-ի համար պատրաստված զեկույցում` ինքնորոշման իրավունքը որպես հակամարտության ակունք ընկալելու փոխարեն ավելի ճիշտ է զինված հակամարտությունը դիտել որպես ինքնորոշման իրավունքի ոտնահարման հետևանք[xii]:
Վերջապես, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բանաձևում տեղ գտած նպատակների երրորդ հենասյունը կրթության և հիշատակման միջոցով հանրային իրազեկվածության բարձրացումն է: Սերունդները պետք է հստակ գիտելիքներ ունենան նախկինում տեղի ունեցած ողբերգությունների, նախկինում իրականացված ցեղասպանությունների պատմության վերաբերյալ: Իրականացված ցեղասպանությունների լիակատար ճանաչումը և դատապարտումը ապագայում նրանց կրկին ի հայտ գալը կանխելու ամենաարդյունավետ միջոցներից են: Սա, մասնավորապես, կարևոր պայման է ցեղասպանությանն անմիջապես առերեսված ժողովուրդների միջև արդյունավետ հաշտեցման հնարավորության համար: Ժողովուրդների հիշելու իրավունքը, նրանց իրավունքը նախկինում տեղի ունեցած ողբերգությունների պատմության իմացության նկատմամբ՝ կրթության և հիշատակման միջոցով, առանցքային նշանակություն ունեն ցեղասպանության կանխարգելման և դատապարտման ճանապարհին:
Ցեղասպանագետները ցեղասպանության ժխտումն ընկալում են որպես ցեղասպանության փուլերից մեկը: «Genocide Watch»-ի դասակարգման համաձայն՝ ժխտումը դասակարգվում է որպես վերջին փուլ, որն իրականացվում է ցեղասպանության ընթացքում և շարունակվում է դրանից հետո[xiii]: Այն դասվում է հետագա ցեղասպանությունների ամենաակնհայտ պատճառների շարքին, որովհետև ինչպես անպատժելիությունը, այնպես էլ՝ ժխտումը, ճանապարհ են հարթում մարդկության դեմ նոր հանցագործությունների կրկնության համար: Ապագա ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված իրենց ջանքերում միջազգային հանրությունը՝ անկախ աշխարհաքաղաքական կամ այլ շահերից, պետք է միասնական գործի՝ նախկինում իրագործված ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման և պատժման հարցերում` հատկապես հաշվի առնելով Վաղեմության ժամկետ չկիրառելու մասին 1968թ. կոնվենցիան: Ինչպես նշվում է վերոհիշյալ բանաձևի նախաբանում` ցեղասպանությունների, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների անպատժելիությունը խրախուսում է նրանց կրկնությունը և հիմնական խոչընդոտ է հանդիսանում ժողովուրդների միջև համագործակցության խորացմանը և միջազգային խաղաղությանն ու անվտանգությանն աջակցմանը, իսկ նման հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարը կարևոր գործոն է՝ դրանցից խուսափելու գործում: Ցեղասպանության հիշատակի օրերը պետք է լինեն սգո օրեր ոչ միայն զոհերի ժառանգների, այլև՝ իրականացնողների ժառանգների համար: Այդ օրերին պետք է վերաբերվել ճանաչման և հաշտեցման ձգտումով: Իրական հաշտեցման հնարավոր չէ հասնել՝ անցյալը մոռանալով և երիտասարդ սերունդներին ժխտողական հեքիաթներով սնուցելով:
Ժամանակակից գլոբալացված աշխարհում ավելի ու ավելի անհնար է դառնում պետության համար սեփական հասարակությունից նախկին ողբերգական իրադարձությունների վերաբերյալ փաստերի թաքցնումը: Հետևաբար, ժխտման և փաստերի աղավաղման քաղաքականության շարունակումը պարզապես ավելացնում է անդունդը կառավարության և հասարակության միջև այնպիսի պետության մեջ, որը կամ որի նախնիները իրականացրել են ցեղասպանություն:
Քաղաքակիրթ աշխարհը պետք է վճռականորեն մերժի խոսքի ազատության իրավունքի իրականացման պատրվակով ատելության հրահրման, ռասիզմի և անհանդուրժողականության տարածման, ցեղասպանության ու մարդկության դեմ հանցագործությունների ժխտողականության քողարկման փորձերը: Այսօր ժխտողականության գործիքներից մեկը զոհերի զրկանքների նվազեցման, կորուստների մասշտաբների կրճատման և զոհերի ու հանցագործների հավասարեցման փորձերն են: Վերջերս մենք հաճախ ենք ականատես լինում այս նոր «փափուկ ժխտման» մարտավարությանը:
Սրանք են այն հիմնական միջոցները, որոնք նախատեսված են ցեղասպանության կրկնությունը կանխելու համար: Սակայն ինչպիսի միջոց էլ որ ձեռնարկվի, մենք չենք կարող ակնկալել դրական արդյունքներ, քանի դեռ չկա հստակ գիտակցում այն բանի, թե որքան կարևոր է կանխել ցեղասպանության որևէ դրսևորում, և անհրաժեշտության դեպքում իրականացնել գործնական քայլեր՝ ցեղասպանությունների կանխարգելման նպատակով: Ձեռնարկվելիք ջանքերը հաջողությամբ կպսակվեն, եթե մենք պահպանենք, կատարելագործենք և կիրառենք կանխարգելման համար բոլոր միջոցները: Ականատես լինելով ցեղասպանությունների նոր փորձերին և դրանց ժխտման նոր մարտավարություններին՝ կարող ենք արձանագրել, որ, ինչպես ուղիղ հարյուր տարի առաջ, այնպես էլ՝ այսօր, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման խնդիրը շարունակում է մնալ հրամայական:
Նմանատիպ նյութեր
2560 դիտում
15:33 07-02-2015
Էդվարդ Նալբանդյանի հոդվածը՝ «Միջազգային քաղաքականություն» (Politique Internationale) հանդեսում
Այս բաժնից
661 դիտում
18:32 26-11-2024
Ի պատիվ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի` Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ
553 դիտում
18:20 26-11-2024
Անահիտ Մանասյանը Մարտունու համայնքապետարանում հանդիպել է համայնքի բնակիչների հետ
538 դիտում
18:07 26-11-2024
Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի հետ