211652_close_icon
views-count2563 դիտում article-date 11:09 14-03-2026

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ «Գավառ» բժշկական կենտրոն տեղափոխված 1-ամյա տղան մահացել է

Մարտի 13-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Այրվածքային հիվանդություն, այրվածքային շոկ» ախտորոշմամբ «Գավառ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա, ով կարճ ժամանակ անց մահացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանները  ու պարեկները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 1-ամյա Ավետ Ն․-ն էր, ում հայրը հայտնել է, որ մարտի 11-ին ժամը 09։00-ի սահմաններում իրենց տան խոհանոցում որդին եղել է իր գրկում, որի ընթացքում քաշել է սեղանի վրա դրված էլեկտրական թեյնիկով եռացրած ջուրը և լցրել իր վրա՝ ստանալով այրվածքներ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով հայրը հայտնել է նաև, որ ցանկացել են տնային պայմաններում բուժել այրվածքները, սակայն երեխան վատացել է և տեղափոխել են «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղ մահացել է:
 
Դեպքի փաստով ոստիկանության Գավառի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր