211652_close_icon
views-count9361 դիտում article-date 20:43 14-03-2026

Լարված իրավիճակ՝ Արտաշատ քաղաքի «Արդշինբանկ»-ի դիմաց․ մեծ թվով քաղաքացիներ չեն կարողանում 6 տարի է բանկում գրավադրված իրենց ոսկեղենը հետ ստանալ․ նրանք պատրաստվում են դիմել կտրուկ միջոցների․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 14-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Արտաշատ քաղաքում՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղի դիմաց, հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ, որոնք բողոքի ձայն էին բարձրացնում այն խնդրի շուրջ, որ արդեն շուրջ 6 տարի է՝ չեն կարողանում բանկից հետ ստանալ իրենց ոսկեղենը։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքացիները պատմեցին, որ մոտ վեց տարի առաջ շուրջ 30-ից ավելի բնակիչներ, տարբեր կարիքներից դրդված, իրենց ոսկեղենը գրավադրել են բանկում։ Նրանց խոսքով՝ եղել են նաև քաղաքացիներ, որոնք պարզապես իրենց ոսկեղենը ի պահ են հանձնել բանկին։

«Այդ օրվանից սկսվեց մեր քաշքշուկը, որպեսզի կարողանանք վերադարձնել գումարները և հետ ստանալ մեր ոսկեղենը։ Ավելի ուշ պարզվեց, որ բանկի այն ժամանակվա կառավարիչը մեր ոսկեղենը տարել և գրավադրել է մեկ այլ բանկում։ Դրա առնչությամբ հարուցվեց քրեական գործ, մեզ մի քանի անգամ կանչեցին քննչական մարմիններ, սակայն մեզանից ոչ մեկին տուժող չեն ճանաչել»,– պատմեցին քաղաքացիները։

Նրանց խոսքով՝ արդեն երկար ժամանակ է, ինչ ընթանում են դատական նիստեր, սակայն իրենք դրանց մասին գրեթե որևէ տեղեկություն չեն ստանում։

«Մինչ օրս ինչ-որ փակ կամ մեզ համար անհասկանալի դատական գործընթացներ են ընթանում։ Ամեն անգամ, երբ գալիս ենք բանկ կամ փորձում ենք տեղեկություն ստանալ, մեզ պարզապես հանգստացնում են ու ճանապարհում։ Այնպես չէ, որ ոսկեղենը կորել է. քննչական մարմիններում մեզ ցույց են տվել, և մենք ճանաչել ենք մեր ոսկեղենը։ Ասում են, որ այն այժմ գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեում»,– նշեցին նրանք։

Քաղաքացիները նաև ընդգծեցին, որ այս տարիների ընթացքում ոսկու գինը զգալիորեն աճել է։

«Ոսկու արժեքը հիմա գրեթե երեք անգամ բարձրացել է։ Մեզանից յուրաքանչյուրն իր նպատակի համար էր այդ ոսկեղենը գրավադրել կամ ի պահ տվել։ Հիմա ուզում ենք հասկանալ՝ արդեն վեց տարի անցել է, վերջապես ե՞րբ ենք ստանալու մեր ոսկեղենը։ Ինչո՞ւ են դատական նիստերը այդքան ձգձգվում և որքան դեռ պետք է սպասենք»,– ասում էին հավաքվածները։

Վերջիններս նշեցին նաև, որ եթե խնդիրը շարունակի անորոշ մնալ, պատրաստ են դիմել ավելի կտրուկ քայլերի՝ մինչև նստացույց կազմակերպելը, միայն թե ստանան հստակ տեղեկատվություն կամ իրենց ոսկեղենը վերադարձվի օրինական տերերին։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր