211652_close_icon
views-count2162 դիտում article-date 09:56 14-04-2015

Սպասելի էր, որ մեր՝ հայաստանյան արձագանքների մի մասը կլինի մոտավորապես հետևյալը` «Կաթոլիկ եկեղեցին առանձնապես ազդեցիկ չի աշխարհում». Առավոտ

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված. «Այն բանից հետո, երբ կիրակի օրը Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում պատարագ մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, իսկ Գրիգոր Նարեկացին ճանաչվեց տիեզերական եկեղեցու վարդապետ, միանգամայն սպասելի էր, որ մեր՝ հայաստանյան արձագանքների մի մասը կլինի մոտավորապես հետևյալը. «Կաթոլիկ եկեղեցին առանձնապես ազդեցիկ չի աշխարհում, Ֆրանցիսկոս պապն այնքան էլ լավ մարդ չի՝ այսինչ թվականին այսինչ թերթը նրա մասին այսինչ բանն էր գրում»: Կամ՝ «ի՞նչ մի բան կա պատարագի մեջ, ա՛յ, եթե Հռոմի պապն ապրիլի 24-ին գար Հայաստան, ապա դա մեր ազգի հաղթանակը կլիներ»: Իհարկե, ավելի լավ կլիներ, եթե Հռոմի պապն ասեր՝ «տվե՛ք հայերին Սևրի պայմանագրով իրենց հասանելիք հողերը», իսկ թուրքերն էլ դրան պատասխանեին՝ «դե, քանի որ Ֆրանցիսկոսն է ասում, ուրեմն եկեք տանք»: Չնայած, մեր մեջ ասած, չեմ պատկերացնում, թե ինչ ենք մենք այդ հողերի վրա անելու, քանի դեռ չենք որոշել, թե ինչ ենք անում մեզ արդեն «հասած» 29 հազար կիլոմետրի վրա: Բայց պատարագի միջոցով Սևրի պայմանագրի կետերը չեն իրականացվել, հետևաբար ամեն ինչ իզուր է: Մի խոսքով՝ փնթփնթալու մշակույթը Հայաստանում չափազանց զարգացած է՝ դա ազգային առանձնահատկություն չէ, պարզապես վերջին քառորդ դարում վերնախավը, լրատվամիջոցները [իհարկե, ես էլ մնացածների թվում] սովորաբար չեն կարողանում մարդկանց դրական լիցքեր հաղորդել՝ դա դժվար է: Իսկ ամեն ինչից դժգոհելը, ոչ մի տեղ ոչ մի լավ բան չտեսնելը հեշտ է, դա թուլացած վիճակում հոսանքի մեջ լողալու նման մի բան է»,–գրում է թերթի խմբագիրը։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր