211652_close_icon

Երևանում բարձրահարկ շենքի նկուղում լցված մի քանի տոննա կեղտաջուրը որպես բարի կամքի դրսևորում անվճար մաքրեց «Kanal Cleaning Service» ՍՊԸ-ն, իսկ Կամո Արեյանն ու «Վեոլիա ջուր»-ը հայտնվեցին «Փչան Թոդորոս»-ի դերում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

views-count4584 դիտում article-date 12:16 16-10-2025
SHAMSHYAN.com-ը հոկտեմբերի 12-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի նախկին 101, այժմ արդեն 61 շենքի նկուղային հարկում տիրող գարշահոտ ու հակասանիտարական վիճակի մասին:
 
Հրապարակման հաջորդ օրը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավոր խորհրդական Կամո Արեյանը խոստացավ, որ ինքը «Վեոլիա ջուր» ընկերության Երևանի մասնաճյուղի տնօերնի հետ խոսել է և նրանք խոստացել են, որ ժամերի ընթացքում խնդիրը կլուծեն, իսկ Կ. Արեյանն էլ ասում էր, թե իր հսկողության տակ է խնդիրը:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվեց, որ Կ. Արեյանը Հայաստանում որոշ չինովնիկների նման նույնպես քամի դուրս եկավ: 

Հերթական անգամ դատարկ խոստումներ տվեց, սակայն գործը տեղից չշարժվեց: 

Թե՛ նա, թե՛ Երևանի «Վեոլիա ջուր» ընկերության տնօրենը ավելի շատ զբաղված են դատարկաբանությամբ, քան երևանցիների հոգսերը թեթևացնելով: 
 
Այսօր արդեն «Kanal Cleaning Service» ՍՊԸ ներկայացուցիչները՝ ընկերության տնօրեն Գոռ Խաչատրյանի գլխավորությամբ, պատրաստակամություն են հայտնել անվճար օգնության ձեռք մեկնել բնակիչներին:
 
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, «Kanal Cleaning Service» ՍՊԸ-ի աշխատակիցները արդեն ժամանել են նշված հասցե և հատուկ տեխնիկաներով սկսեցին մաքրել նկուղը, որը լցված էր մի քանի տոննա կեղտաջրով:
 
Նրանք մեքենաներով հեռացնելու են ամբողջ կեղտաջուրը: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Kanal Cleaning Service» ՍՊԸ-ն այս բնագավառում աշխատում է արդեն մոտ 7 տարի և բազմաթիվ անգամներ, երբ բնակիչները, այդ թվում՝ մարզերում, տեսել են, որ չինովնիկները ոչինչ չեն արել, նրանք առանց գումարի՝ որպես բարի կամքի դրսևորում, օգնության ձեռք են մեկնել բնակիչներին, ինչը այսօր հերթական ապացույցն է:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս աշխատանքները պետք է կատարեին Երևանի քաղաքապետարանը, Նոր Նորքի թաղապետարանն ու «Վեոլիա ջուր»-ը, ովքեր հերթական անգամ հայտնվեցին հայտնի «Փչան Թոդորոսի» դերում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 12-ին մայրաքաղաքը նշում էր «Էրեբունի-Երևան» տոնը, ու այն դեռ սովետական տարիներից երևանցիների համար ամենասիրված տոներից մեկն է:

SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր էր ստացել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի նախկին 101, այժմ արդեն թիվ 61 բարձրահարկ շենքի բնակիչներից, ովքեր իրենց զայրույթն էին հայտնել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մարատ Սևոյանին և «Վեոլիա ջուր» ընկերությանը: 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. 

«Էսօր «Էրեբունի-Երևան» տոնն են նշում, որին նաև մենք միշտ մասնակցել ենք, բայց այսօր չենք կարողանում գնալ, մեր սիրելի տոնին մասնակցել, քանի որ «Վեոլիա ջրի» փնթի աշխատանքի արդյունքում սովետական տարիներց կառուցված մեր շենքի ամբողջ նկուղում տիրում է գարշահոտ վիճակ: 

«Վեոլիա ջուր»-ը եկավ, իբր թե խցանված կոյուղատարը սարքի, հոնքը սարքելու փոխարեն աչքն էլ հանեց, էդքանով իր գործը համարեց ավարտված ու Նոյի ագռավի նման գնաց: 

Էդ օրվանից շենքի նկուղը լցվում է կեղտաջրով, հոտը անգամ մինչև 2-րդ, 3-րդ հարկի բնակարաններ է հասնում, մեռանք զանգելով Երևանի քաղաքապետարան, էնտեղից ասում են՝ դիմեք թաղապետարան, զանգում ենք թաղապետարան, ասում են՝ դիմեք համատիրություն, համատիրությունն էլ ոչինչ չի կարողանում անել, «Վելոիա ջուր»-ն էլ ասում է՝ մենք միայն դրսի խողովակների հարցով ենք զբաղվում: Բա էդ դեպքում ի՞նչա, «Վեոլիա ջուր»-ը մեր հաշվին իրենց թափաններն են լցնում, եթե էս հարցով պիտի չօգնեք սպառողին, որոնց տված վճարումների հաշվին ձեր բյուջեն եք լցնում, բա ով ա էս խնդիրը լուծելու: 

Ամոթն էլ լավ բան ա, մտածում էինք, որ մինչև «Էրեբունի-Երևան» տոնի օրը կգան, խնդիրը կլուծեն, բայց չէ, թե քաղաքապետարանը, թե թաղապետարանը, թե «Վեոլիա ջուր»-ը լրիվ օդ դուրս եկան:

Արդեն դրսի դիտահորից ա կեղտաջուրը դուրս տալիս: 

Բա Առողջապահության նախարարը հայտարարություն ա տարածում, թե Հայաստանում կորոնավիրուսի շտամի նոր ենթատեսակ է հայտնաբերվել, բա սրան ինչ անուն տաս, մի կորոնայից բեթար վարակ էլ ստեղ ա տարածվում: 

Հետո էլ ասում եք՝ մենք մտածում ենք երևանցիների մասին, մենք մտածում ենք ամեն մի սպառողի մասին, եթե սա է ձեր աշխատելաոճը, ավելի լավա՝ էս ազիզ, տոն օրով մի սեպագիր նամակ գրենք Արգիշտի թագավորին, որ գա, ձեզ բոլորին շղթայի, տանի Էրեբունի ամրոց ու հավիտյանս պահի զնդանում»: 

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր