Թբիլիսիում ծաղիկներ խոնարհվեցին Ամենայն հայոց բանաստեղծի շիրիմին. լուսանկարներ
                        Փետրվարի 19-ին, Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա առթիվ, ավանդաբար   թբիլիսահայությունն այցելեց Խոջիվանքի  պանթեոն, որտեղ  ամփոփված  է  Մեծ Լոռեցու  աճյունը, եւ իր սիրո և հարգանքի  տուրքը  մատուցեց   ժողովրդական մեծ բանաստեղծին: 
Մեծն Թումանյանի տապանաքարի  մոտ,  Վիրահայոց թեմի առաջնորդի հանդիսապետությամբ և  հոգևոր դասի մասնակցությամբ, կատարվեց հոգեհանգստյան կարգ:
Հովհաննես Թումանյանի  չափածոյից  գեղեցիկ  ծաղկաքաղով և մայրենի  լեզվին նվիրված  բանաստեղծությունների  արտասանությամբ  հանդես  եկան  «Հայարտուն» կենտրոնի ասմունքի  խմբակի սաները:  Թբիլիսահայ մտավորականության ներկայացուցիչների, «Հայարտուն» կենտրոնի  ստեղծագործական  խմբերի սաների  ու  նրանց ուսուցիչների  կողմից  ծաղիկներ խոնարհվեցին  հայոց մեծերի տապանաքարին:
                                            
                    
                                            
                        
            

