211652_close_icon
views-count2830 դիտում article-date 11:14 19-02-2015

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններում կանցկացվեն միջոցառումներ

Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ը, նշվում է որպես գիրք նվիրելու օր: Այս տարի ևս, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող մի շարք թանգարաններում կանցկացնեն տոնի խորհրդին համահունչ միջոցառումներ: Փետրվարի 19-ին, ժամը 14:00-ին, Ե. Չարենցի տուն-թանգարանում կբացվի «2014 թվականին տուն-թանգարանին նվիրված ընծայագրով գրքերը» խորագիրը կրող ցուցահանդես, որի շրջանակում տեղի կունենա հանդիպում Արվեստի և գրականության ժողովրդական համալսարանի մի խումբ ներկայացուցիչների հետ, ինչպես նաև «Գիրքը որպես հոգևոր արժեք» թեմայով քննարկում, իսկ ժամը 14:30-ին ելույթ կունենան Ե. Չարենցի անվան ասմունքի ամենամյա փառատոնի մրցանակակիրները: Նույն օրը, ժամը 14:00-ին, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի նախաձեռնությամբ` Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղում, բանաստեղծի տուն-թանգարանում կանցկացվի գրական ցերեկույթ` գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների և ուսուցիչների մասնակցությամբ: Միջոցառման ընթացքում Գրականության և արվեստի թանգարանի կողմից` տնօրեն Կարո Վարդանյանը գրքեր կնվիրի Հովհաննես Թումանայի տուն-թանգարանին և Դսեղի միջնակարգ դպրոցի գրադարանին: Գրքի տոնի կապակցությամբ` Երվանդ Քոչարի թանգարանն իր այցելուներին կնվիրի Քոչարի ստեղծագործությունների վերատպությունների հավաքածուն: Հովհաննես Թումանյանի թանգարանն իր այցելուներին կդիմավորի «Կեցցե՛ Թումանյանը» խորագրով բաժակաճառերով և հյուրասիրությամբ /միջոցառումների ժամանակացույցը կցվում է/: Ն. Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանն այս տարի ևս` «Մշակույթը՝ պատվար» ծրագրի շրջանակում կհամալրի Սիսիանի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատության գրադարանային ֆոնդը: Օրբելի եղբայրների տուն-թանգարանում կկայանա թանգարանի և Ծաղկաձորի դպրոցի աշակերտների նախաձեռնած` «Երբ գիրքը գտնում է ընտերցողին» խորագրով միջոցառումը. կընթերցվեն «Էջեր Օրբելիների ընտանիքի կյանքից» գրքում ներառված բարոյախրատական, դաստիարակչական նամակները: Կցուցադրվի նաև Մխիթարյան միաբանության տպարանի մասին պատմող ֆիլմ:

Նմանատիպ նյութեր