Բերձորի դեպքի հետ կապված երկու մոլորություն կա. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ հիմա, ինչպես և կարելի էր սպասել, Բերձորի դեպքերի շուրջ բազմաթիվ վերլուծություններ և քննարկումներ կան: Մարդիկ ուզում են հասկանալ տեղի ունեցածի խորքային իմաստը: Բայց ինչպես հաճախ է պատահում Հայաստանում, հաճախ վերլուծությունները հասնում են անհեթեթության մակարդակի: Բերձորի դեպքերը կապում են Գյումրիի դեպքերի հետ, Երկրորդ համաշխարհային պատերազմից գալիս-հասնում Շրջանառության հարկ:
Բերձորի միջադեպի հետ կապված երկու մոլորություն կա, որոնց հարկն է անդրադառնալ:
Առաջինն այն պնդումն է, թե նման բռնություններով իշխանությունը վնասում է ինքն իրեն և հանրությանը հանում իր դեմ: Խնդիրն այն է, որ Հայաստանում հանրությունը վաղուց է իշխանության դեմ դուրս եկած և հենց այսօրինակ բռնություններն են, որ արդեն մոտ քսան տարի ապահովում են իշխանության կայունությունը մի պայմաններում, երբ հանրության մեծամասնությունն իշխանափոխություն է փափագում: Դուք Հայաստանի պատմության մեջ չեք գտնի մի օրինակ, երբ բռնությունը թուլացրած լինի իշխանությանը: Սա նաև նրանից է, որ ընդդիմությունը, ընդդիմադիր քաղաքական գործիչները միշտ սխալ են արձագանքել բռնությանը:
Հաջորդ մոլորությունն այն է, թե երբ որևէ ընդդիմադիր քաղաքական ուժի նկատմամբ բռնություն է կիրառվում, այդ քաղաքական ուժը դրանից դիվիդենտներ է շահում, որովհետև նրա շուրջ քննարկումներ են առաջանում, համակրանք և այլն: Քննարկումն ու համակրանքը գուցե, բայց ցանկացած բռնություն, մեծ հաշվով, բացասաբար է անդրադառնում ցանկացած ընդդիմադիր քաղաքական ուժի վրա, եթե նա արագ ու արժանի հակահարված տալու ի վիճակի չի լինում: Խոսքը, իհարկե, ուժային հակահարվածի մասին չէ, այլ քաղաքական հակահարվածի: Ընդ որում այս քաղաքական հակահարվածը պետք է տեղի ունենա հնարավորինս արագ, քանի դեռ ծեծված և ջարդված համախոհները հանրային լայն քննարկումների, զորակցության խոսքերի ֆոնին չեն զգում ֆիզիկական ու բարոյական ցավը, նյութական վնասների ծանրությունը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


