211652_close_icon
views-count7539 դիտում article-date 10:47 02-02-2019

Տարածված մոլորություն․ ՌԴ տարածքում արգելափակվել է aravot-ru.am կայքը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ավելի քան 25 տարի առաջ, երբ կյանքումս առաջին և վերջին անգամ պետական ծառայության մեջ էի, պատահում էր՝ պաշտոնյաները մի բան էին ասում, հետո փոշմանում էին իրենց ասածի համար և զանգում էին ինձ՝ խնդրելով «կանգնեցնել ինֆորմացիան»: Կարծես տեղեկատվությունը մի գնդակ է կամ քար, որը հնարավոր է օդում բռնել և հետ ուղարկել: Այդպիսի պատկերացումը մոլորություն էր անգամ 1992 թվականին, երբ Հայաստանում համացանց չկար: Դա առավել ևս մոլորություն է այսօր: Տեղեկատվության միջոցների բազմազանության մեջ հնարավոր չէ կանգնեցնել դրա հոսքը՝ ազդելով այս կամ այն լրատվամիջոցի վրա: Նախորդ իշխանությունն, օրինակ, արգելափակել էր իր մասին բացասական տեղեկատվությունը հեռուստաեթերում: Ի՞նչ է, դա օգնե՞ց նրանց իշխանության մնալ: Նման անիրագործելի խնդիր է իր աշխատակիցների առաջ դրել ռուսաստանցի մեծահարուստ Ռուբեն Թաթուլյանը (Ռոբսոնը): Նա, ըստ երևույթին, ցանկացել է ամբողջ համացանցից հեռացնել իր մասին բոլոր տեսակի բացասական (կամ, իր կարծիքով, բացասական) հիշատակումները: Որպես գործիք ընտրվել են Մոսկվայի դատարանները, որոնց դատավարություններից մենք որևէ տեղեկություն չունենք, իսկ որպես պատրվակ՝ «անձնական տվյալների հրապարակումը»: Եվ ահա այդ մեղադրանքով ՌԴ տարածքում օրերս արգելափակվել է aravot-ru.am կայքը: Ըստ դատարանի և «Ռոսկոմնադզորի»՝ Թաթուլյանի «անձնական տվյալներ» են հրապարակվել մեկ տարի առաջ լույս տեսած՝ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի ճեպազրույցի մասին մեր ռեպորտաժում: Ստիպված եմ հիշեցնել, թե ինչ է ասել «Առավոտի»՝ խնդրո առարկա հրապարակման մեջ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյան Ռուբեն Թաթուլյանի մասին. «Գիտեք, մարդկանց պետք է նախ բազմակողմանի դիտարկել, քննարկել: Ինքը նաև դրական դեր էլ է կատարում: Վերջիվերջո, Սոչիում կա հսկայական հայ համայնք, խնդիրներ են առաջանում նաև համայնքի հետ կապված: Ինքը շատ հաճախ էդ խնդիրը կարողանում է… էդ եկեք ֆիքսենք: Իսկ ինչ վերաբերում է խորհրդականին, նա այլևս խորհրդական չէ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշել է Շավարշ Քոչարյանը և հիշեցրել` ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարել է, որ նա այլևս նախարարի խորհրդական չէ, բացի այդ էլ, եղել է արտահաստիքային խորհրդական: Ահա նման արտահայտություններն են, որ հիմք դարձան Մոսկվայի դատարանի որոշման համար: Ասացեք, խնդրեմ, Ռուբեն Թաթուլյանի ո՞ր անձնական տվյալներն է հրապարակել փոխարտգործնախարարը: Պարզ է, կարծում եմ, որ իրականում խոսքը մեր, ռուսաստանցի, ընդհանրապես հետխորհրդային պաշտոնյաների և մեծահարուստների վերը նկարագրված մոլորության մասին է. նրանք կարծում են, որ արգելափակելով որևէ լրատվամիջոց՝ հնարավոր է արգելափակել նաև իրենց մասին անցանկալի տեղեկատվությունը, և դրանից իրենց վարկը, հեղինակությունը, պատիվը կբարձրանան: «Առավոտի» դեմ դատարանի որոշման մեջ ես որևէ քաղաքականություն չեմ տեսնում: Տեսնում եմ միայն մեր հայրենակցի կողմից իրավիճակի սխալ գնահատականը, որը բխում է տեղեկատվական հոսքերի մասին պատրանքներից: Բացարձակապես չեմ վրդովվում ու չեմ նեղվում դրանից։ Ընդամենը կարեկցում եմ Ռոբսոնին, որն իր ժամանակը, նյարդերը և փողերը ծախսում է մանր քինախնդրության վրա: Դա ցուցիչ է ներքին խռովության, որը, հուսով եմ, կանցնի»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսլրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր