Քննադատությունից խուսափելու համար ոչինչ մի՛ ասա, ոչինչ մի՛ արա. Առավոտ. խմբագրական
«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք.
«Քննադատությունից խուսափելու համար ոչինչ մի՛ ասա, ոչինչ մի՛ արա և ընդհանրապես քեզանից ոչ մի բան մի՛ ներկայացրու»: Պատկերացրեք, այս խիստ արդիական խոսքերն ասվել են շատ վաղուց՝ մեր թվարկությունից առաջ 4-րդ դարում: Դրանց հեղինակն է հույն փիլիսոփա Արիստոտելը՝ ժամանակակից արևմտյան գիտության նախահայրերից մեկը: Մի բան գիտեր, երևի, որ ասում էր: Չեմ կարող ասել՝ արդյոք այդ միտքը նա կարողացե՞լ է հասու դարձնել իր աշակերտ Ալեքսանդր Մակեդոնացուն: Կասկածում եմ, որովհետև հատկապես իշխանավորները, քաղաքական գործիչները ունակ չեն հանգիստ, անվրդով լսել քննադատությունը: Շատ են հուզվում:
25 դար շարունակ նրանք բաժանում են քննադատությունը կառուցողականի և ոչ կառուցողականի, արդարի և անարդարի, վիրավորականի և ոչ վիրավորականի: Կառուցողականը, հավանաբար, այն է, որը սկսվում է «դուն է՛ն գլխեն իմաստուն իս» նախաբանով, և հետո միայն շարադրվում են քննադատական թեզերը: Բայց, ինձ թվում է, այդ սկզբնական ռևերանսներն այնքան էլ պարտադիր չեն: Լսեք, թե ինչ են ձեզ ասում ձեր քննադատները, և եթե բանական հատիկ գտնեք՝ օգտվեք դրանից, եթե չգտնեք էլ՝ մեծ ողբերգություն չի: «Արդարն» ու «անարդարն» էլ խիստ հարաբերական են: Օրինակ՝ մարդը, որն այս կյանքում չի կարողանում հասնել իր նպատակներին, դա «անարդար» է համարում՝ չնայած սովորաբար ոչ մեկին, բացի ինքն իրենից, մեղադրելու հիմքեր չունի: Կամ՝ մենք և ադրբեջանցիները պահանջում ենք ղարաբաղյան հարցի «արդարացի լուծում», բայց դրա տակ տրամագծորեն հակառակ բաներ ենք հասկանում»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։